Հութիները հարվածել են Թել Ավիվի օդանավակայանին և ամերիկյան USS Harry Truman ավիակրին

Մանրամասներ
Truman ավիակիր

Եմենի հութի ապստամբների շարժման ռազմական թևի մամուլի ծառայության ղեկավար Յահյա Սարիան հայտնել է Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին հասցված հաջող հարվածի մասին։ Սարիայի խոսքով՝ «Անսար Ալլահ» շարժման զինյալները թիրախի ուղղությամբ արձակել են Palestine 2 հիպերձայնային բալիստիկ հրթիռ։ Իր հերթին, իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է Եմենի հրթիռային հարձակումը հաջողությամբ հետ մղելու մասին։

Ինչպես նշում է kommersant.ru-ն, Իսրայելի թիրախներից բացի, հութիները Կարմիր ծովում հարվածներ են հասցրել նաև ամերիկյան USS Harry Truman ավիակրին։ Շարժումը պարզաբանել է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են բալիստիկ, թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր։

«Անսար Ալլահ»-ի մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ հարվածները պատասխան են եղել Եմենում քաղաքացիական օբյեկտների վրա ԱՄՆ ռազմաօդային ուժերի վերջին հարձակումներին։

Մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի զինված ուժերին հրամայել է ռազմական գործողություններ սկսել հութիների դեմ։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենի տարածքին, այդ թվում՝ մայրաքաղաքի թաղամասերին։