Եմենի հութիները հայտարարել են, որ 18 հրթիռով և ԱԹՍ-ով հարվածել են ամերիկյան Harry S. Truman ավիակրին

Մանրամասներ
հզբոլլահ

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ իրենց ուժերը ամերիկյան ավիակիր Harry S. Truman-ը ոչնչացնելու «որակյալ գործողություն» են իրականացրել, հայտնում է Al Jazeera-ն։

«Մեր ուժերը 18 բալիստիկ և թևավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքով հարվածել են Harry S. Truman ավիակրին»,- ասել է նա։

Սարին հավելել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 170 օդային հարված է հասցրել Եմենի տարբեր շրջաններին։ Նա ընդգծել է, որ Իսրայելին առնչվող նավերի դեմ շարժման կիրառած ծովային շրջափակումը կշարունակվի Կարմիր ծովում այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ​​հանել Գազա մարդասիրական օգնության մատակարարումների շրջափակումը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին սկսել «վճռական և ուժգին ռազմական գործողություններ» Եմենի հութիների դեմ՝ Իրանից պահանջելով դադարեցնել վերջիններիս աջակցությունը։

Վերջին տվյալներով, Եմենում ԱՄՆ ավիահարվածների հետեւանքով զոհվածների ու վիրավորների թիվը մոտեցել է 50-ի։

Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զրույցում։ Լավրովը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը։

Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «իրավունք կամ գործ չունի Իրանի արտաքին քաղաքականությունը  թելադրելու համար»։

Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը որևէ դեր չի խաղում տարածաշրջանային դիմադրության խմբերի, այդ թվում՝ Եմենի «Անսար Ալլահի» քաղաքականության ուղղորդման մեջ։