Մարկո Ռուբիո. ԱՄՆ-ը հարվածներ կհասցնի Եմենին այնքան ժամանակ, քանի դեռ հութիները չեն դադարեցնի հարձակումները նավերի վրա

Մանրամասներ
մարկո ռուբիո

ԱՄՆ-ի հարվածները Եմենի տարածքին կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հութիները չեն զրկվել միջազգային նավերի և ԱՄՆ ռազմածովային ուժերի վրա հարձակվելու հնարավորությունից, CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Ընդ որում, ըստ նրա, Եմենում ամերիկյան ուժերի ցամաքային հարձակումների մասին խոսք չկա։

«Չեմ կարծում, որ այս պահին դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է նա։

Ռուբիոն նաև կարծում է, որ հութիները «երբեք չէին կարողանա հարձակվել միջազգային նավագնացության վրա՝ առանց Իրանի աջակցության»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին սկսել «վճռական և ուժգին ռազմական գործողություններ» Եմենի հութիների դեմ՝ Իրանից պահանջելով դադարեցնել վերջիններիս աջակցությունը։

Վերջին տվյալներով, Եմենում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով զոհվածների ու վիրավորների թիվը մոտեցել է 50-ի։

Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զրույցում։ Լավրովը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը։

Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «իրավունք կամ գործ չունի Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու համար»։

Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը որևէ դեր չի խաղում տարածաշրջանային դիմադրության խմբերի, այդ թվում՝ Եմենի «Անսար Ալլահի» քաղաքականության ուղղորդման մեջ։