Պատժամիջոցների վերացման պայմանով Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել և ավելի մեծ վստահություն զարգացնել դրա նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Ընդգծում եմ՝ պատժամիջոցներն այնպես վերացնելու դիմաց, որ դա արդյունավետ լինի և ազդեցություն ունենա մարդկանց կյանքի վրա, Իրանը պատրաստ է ավելի մեծ վստահություն և թափանցիկություն զարգացնել իր միջուկային ծրագրի նկատմամբ», - ասել է Մոհաջերանին:
Ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում տեղի են ունեցել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի անուղղակի բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝ դրանք եղել են դրական և կառուցողական։ Իրանի արտգործնախարարը նույնպես կառուցողական է որակել բանակցությունները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի սկզբին նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ առաջարկելով միջուկային ծրագրի շուրջ կնքել նոր համաձայնագիր՝ դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում սպառնալով ռազմական միջոցներով: Իսլամական Հանրապետության ղեկավարությունը բացառել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները՝ հնարավոր համարելով միայն երրորդ երկրների միջնորդությամբ երկխոսությունը:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ը Թրամփի նախորդ նախագահական ժամկետում ՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի ղեկավարության դեմ: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:
0Comments