Կեղծ տեղեկություն է. ԿԳՄՍՆ–ն հերքում է ջահերով երթի վերաբերյալ գրություն ուղարկելու լուրը

Մանրամասներ
ջահերով երթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է լուրերը, թե բուհեր ու դպրոցներ շրջաբերականներ է ուղարկել ջահերով երթին չմասնակցելու վերաբերյալ կոչով։

Նշենք, որ ապրիլի 23-ին երեկոյան մեկնարկելու է ՀՅԴ երիտթևի կազմակերպած ավանդական ջահերով երթը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` մի քանի ուսանող իրենց պատմել է, որ գերատեսչությունից շրջաբերականներ են ուղարկվել տարբեր բուհեր և դպրոցներ, որպեսզի ուսանողները և աշակերտները չմասնակցեն այսօրվա ավանդական դարձած ջահերով երթին:

Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը նշեց, որ դա կեղծ ու անհիմն տեղեկություն է։

«Նման շրջաբերական, իհարկե, չի գնացել։ Նշված տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Նման խոսակցություն երբևէ, որևէ մակարդակում տեղի չի ունեցել»,– նշեց Վահանյանը։

Հիշեցնենք, որ ջահերով երթից առաջ, որպես բողոքի նշան, դաշնակցական երիտասարդներն ավանդաբար այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Դրանից հետո բոլորը շարժվում են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` 1915 թվականին տեղի ունեցած Եղեռնին զոհ գնացած հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու։

Ջահերով առաջին երթն անցկացվել է 1999 թվականին։