ՀՀ–ում տղամարդու համար ավել բռնելն ամոթ է. Փաշինյանը` բանակի խնդիրների ու կրթության մասին

Մանրամասներ
նիկոլ

ՀՀ–ում քրեական ենթամշակույթը տղաներին ոչ թե ուժեղացնում, այլ թուլացնում է։ ՀՀ կառավարության նիստում այսօր նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունում քննարկվում է ՀՀ–ում գենդերային քաղաքականության իրականացման 2025–28 թթ ծրագիրը։ Այս համատեքստում վարչապետը հայտարարեց, որ արդեն տևական ժամանակ է` մեր երկրում բնակչության մեծամասնությունը կանայք են, որոնք, ի տարբերություն տղաների, ակտիվ են հատկապես կրթության ոլորտում։ Դա, ըստ նրա, հետագայում արտահայտվում է նրանով, որ ուսուցիչների գերակշիռը մասը կանայք են լինում։

Վարչապետի գնահատմամբ` սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ հայ իրականության մեջ տղաները շատ են տարվում քրեական մշակույթով և նրանց մոտ առաջանում են աշխարհընկալման խնդիրներ։

«Հազար ներողություն եմ խնդրում, սակայն սա պետք է ասեմ որպես մի մարդ, որ եղել է ՔԿՀ–ում. մեր իրականության մեջ ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է։ Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել ուղիղ հակառակը` տղաներին թուլացնելու, ինքնությունից, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է. նրանք զրկվում են կամքից, խելքից։ Սա ամենամեծ մոլորությունն է։ Սա ինձ համար աքսիոմա է, որը ես գիտեմ և՛ տեսականորեն, և՛ գործնականորեն»,– հայտարարեց Փաշինյանը։

Ըստ նրա` ինչքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի հեշտ կառավարելի է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում։ Փաշինյանը համոզված է, որ այս դեգրադացիան հետո գնում է բանակ և կարևոր խնդիր դառնում անվտանգային առումով։

«ՀՀ–ում տղամարդու համար ավել բռնելն ամոթ է։ Խնդիրն ավելի ու տղամարդու մասին չէ, այլ միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելն ամոթ չէ, աղբը հավաքելը տղամարդու կողմից հնարավոր է` ամոթ լինի, հնարավոր է` նույնիսկ մահացու մեղք լինի։ Հետո էլ զարմանում են` բա բանակում էդ ո՞նց եղավ։ Հենց այսպես եղավ. 15–րդ բառը հայհոյանքն է, 30–րդ բանը ուրիշից ինչ–որ բան խլելու կուլտուրան է, գերիշխանություն, գերակայություն հաստատելն է։ Դրա համար բանակում առկա խնդիրների 90 տոկոսը բանակի հետ որևէ կապ չունեն»,– հայտարարեց նա։

Վարչապետին ընդհանրապես զարմացնում է այն, որ տղաներին փոքր տարիքից սկսում են հայհոյել սովորեցնել։

«Որտեղի՞ց է գալիս փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Ասենք, տանը հյուրեր են հավաքվում, մեկ էլ կանչում են փոքր տղային ու ասում` հլը ասա, իմանաք` տատիկին ի՞նչ ես ասել։ Նույնիսկ չգիտեմ` ինչ ասեմ այս դեպքում»,– պատմեց Փաշինյանը։

Այս խնդիրները, ըստ նրա, հաղթահարելի են միայն կրթության շնորհիվ, քանի որ մեր երկրում կան կարծրատիպեր, որ ինչ,պես շատ կանանց թույլ չեն տալիս աշխատել, այնպես էլ տղաներին թույլ չեն տալիս սովորել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իր հերթին վիճակագրական մի քանի տվյալ նշեց, ըստ որոնց` վերջին մարդահամարի տվյալներով` ՀՀ բնակչության 52.8 տոկոսը կազմում են կանայք, 47.2 տոկոսը` տղամարդիկ։ Պատկերը այլ է աշխատաշուկայում` կանանց ներգրավածությունն ընդամենը 48.2 տոկոս է, այնինչ տղամարդկանց ներգրավածությունը 71.2 տոկոս է։