Աշխատող եւ անհուսալի վարկ ունեցողների 10 %-ն էլ չի դիմել. Ես լինեի, բոլոր գործերս կթողնեի, կդիմեի. Փաշինյանը զարմացած է

Մանրամասներ
քպ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր՝ ապրիլի 23-ի կառավարության նիստում ներկայացրեց անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին նախագիծը:

«Ներկայացվող նախագծի նպատակը ապրիլ և մայիս ամիսների համար ապահովելն է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ. Նախագծով առաջարկվում է երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 մլն դրամ: Միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառուֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են «անհուսալի» դասով, միաժամանակ մայր գումարի գծով պարտավորությունները չեն գերազանցում 1 մլն դրամը:

Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը:

Դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել 2025 թվականի փետրվարի 1-ից 2026 թվականի հունվարի 31-ը»,-ասաց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ դիմել եւ դիմումը բավարարվել է 3594  անձի համար: «Մարտին վճարվել է փետրվարին դիմած և հաստատված թվով 1896 անձի  համար աջակցություն, որի դրամական աջակցության չափը կազմում է 70 մլն դրամ: Մարտին դիմել եւ շահառու է դարձել եւս 1072 անձ, որոնց վճարումը կկատարվի ապրիլի վերջին: Արդյունքում կունենանք 2968 անձ, որոնք արդեն որպես ծրագրի շահառու կստանան աջակցություն»,-ասաց Ստեփանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պոտենցիալ շահառուների թիվը 300 հազարի է հասնում: Փոխնախարարը պարզաբանեց, որ նրանց թիվը 218 հազար է, որոնց վարկային ընդհանուր բեռը 168 մլրդ դրամ է. «Այդ 218 հազար անձից մոտավորապես 40 600 անձ է այս պահի դրությամբ ունեցել զբաղվածություն: Մենք դիտարկում ենք, որ 2026-ի հունվարի 31-ին առնվազն 90 հազար անձ եւս կլկարողանանք ներգրավել այս ծրագրի  ծրագրի շրջանակներում եւ կունենանք 218 հազար նախանշված թիրախ խմբից առնվազն 60 տոկոսի ներգրավում, որոնց թիվը կկազմի 131 հազար անձ»,-ասաց նա:

Փաշինյանը հերաքրքրվեց, թե ինչու 40 հազար աշխատող անձինք չեն դիմել, որ իրենց եկամտային հարկը ուղղվի իրենց վարկերի մարմանը. «Այսօր էլ 40 հազար մարդ աշխատում է եւ իրենից ոչ մի լրացուցիչ ծախս չի պահանջվում: Մարդը ընդամենը պետք է դիմի, որ իր վճարած եկամտային հարկն ուղղվի այդ նպատակի իրագործմանը: Սենց, թե նենց այսօր իր աշխատավարձից պահվում է այդ եկամտային հարկը 20 տոկոսի չափով: Եթե ես անհուսալի վարկ ունենայի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ, բայց դիմել են ընդամենը 3500-ը: Այսինքն աշխատող անձանց նույնիսկ 10 տոկոսը չի դիմել: Պետք է հասկանանք՝ տեղյա՞կ չեն մարդիկ, թե այլ խնդիր կա»: