ՏԿԵՆ–ը արձագանքել է Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչների բողոքի ակցիային

Մանրամասներ
4

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ապակառուցողական է գնահատում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելը։ Այս մասին ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք` նշված համայնքների բնակիչները կրկին ակցիա են անում` պահանջելով, որ 25 և 59 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները շարունակեն մինչև իրենց համայնքներ հասնել։

ՏԿԵՆ–ը տեղեկացնում է, որ նրանց առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ` փոխադրավարձի նվազեցում՝ Պռոշյան-Երևան ՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն), Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն), սահմանված երթերի քանակի ավելացում, Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից, տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում, Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։

«Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը»,– հայտարարել է նախարարությունը։

Ըստ ՏԿԵՆ–ի` հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում։

Հիշեցնենք` պռոշյանցիներն ու քասախցիները ապրիլի 5-ից պահանջում են, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։