Հիմա շատ են խոսում այն մասին, որ մենք 2018 թվականին խեղճ ու անճար մարդու պաշտպան էինք ընկալվում, հիմա չենք ընկալվում այդպիսին, սրա մեջ ինչ-որ չափով ճշմարտություն կա, մեր ծրագրերի էվոլուցիան դրա մասին է վկայում: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք 2018-ից ասել ենք՝ նախ այլաբանորեն հետո ուղղակի, որ աղքատությունը հաղթահարվում է միայն աշխատանքով: Աշխատանքը բերում է աղքատության հաղթահարման, եթե արդյունավետ է: Եթե աշխատանքն արդյունավետ չէ, գիտելիքահենք չէ, դա նույնն է, թե մեքենան ցեխի կամ ձյան մեջ տեղապտյուտ է անում: Հիմա այս մեքենայի դուրս գալու ձևն աշխատանքն է: Շարժիչը միլիոնի տակ աշխատում է, բայց առաջ չի գնում ու շարժիչը խփելու է: Սրա մասին է խոսքը, որովհետև եթե աշխատանքը զարգացում չունի, այստեղ պրոբլեմ կա»,- ասաց նա:
Վարչապետը նշեց՝ իրեն երբեմն հարց է տալիս՝ այսքան կրթության մասին խոսում են, կասեն՝ մարդիկ հաց չունեն, սրանք եկել են, ինչի մասին են խոսում:
«Այսօր էլ դրա հետ առնչվում ենք: Մարդը սոված է, հացի փող չունի: Մենք, իհարկե, աջակցում ենք, որ այդ մարդը հաց ունենա, բայց հաջորդ օրն էլի պարզում ենք՝ էլի հաց չունի: Հաջորդ օրն ենք հետաքրքրվում՝ ինչ եղավ նրա հետ ու էլի հաց չունի: Մենք կարեկից ենք, պետք է հաց տանք իրեն, 3-րդ օրն էլ ենք տալիս 4-րդ, 5-րդ, 10-րդ օրն էլ, մեկ տարի հետո էլ, հինգ տարի հետո էլ: Ի՞նչ է սրա վերջը: Սրա վերջը պետք է գտնվի: Սրա վերջն այն է, որ մենք պետք է կարողանանք մարդկանց աջակցել, որ իրենք գիտելիքահենք աշխատանք անեն: Մարդն ինքն իրենով պետք է զբաղվի, ուրիշ տարբերակ չկա, երբ ասում ենք՝ աղքատությունը մեր մտքում է, սա նկատի ունեմ նաև: Չի լինում ուրիշ կերպ: Մենք ինչքան մարդուն օգնում ենք, այնքան իր սև ցուցակում գտնվելը սևանում է»,- ասաց նա:
Ապա նա հարց բարձրացեց՝ ո՞ւմ փողով են այդքան երկար այդ հացը տալիս: «Այդ գումարը պետբյուջեն վաստակում է, որով մենք հաց չունեցողին պիտի հաց տանք, այդ գումարը ձևավորվում է աշխատողի հաշվին, դրա համար մենք պետք է աջակցենք աշխատողին, իսկ չաշխատողին պետք է աջակցենք, որ աշխատի, իսկ աշխատել կարող է միայն կրթության միջոցով»,- ասաց նա:
0Comments