Ի՞նչ նոր աջակցություն կտրվի արցախցիներին. մանրամասնում է ՀՀ փոխվարչապետը

Մանրամասներ
Տիգրան Խաչատրյան

ՀՀ կառավարությունը պատրաստվում է նոր աջակցություն տրամադրել արցախցիներին. ընտանիքները կընտրվեն մեկ անձի հաշվով միջին եկամուտների փաստացի չափից ելնելով։ Այս մասին 24news.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։ Մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում, որի պահանջներից մեկն էլ այդ որոշման չեղարկումն էր, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:

Խաչատրյանն ընդգծեց` կառավարությունն արդեն որոշում է կայացրել ու դեռ նախորդ նիստում պետք է հաստատեին այն, բայց նախընտրել են սկզբում որոշ պարզաբանումներ անել։

«Այն ընտանիքները, որոնք լրացուցիչ դրամական աջակցության կարիք ունեն, կօգտվեն մեկ այլ աջակցությունից։ Մեկ անձի հաշվով միջին եկամուտների փաստացի չափից ելնելով կընտրվեն ընտանիքները։ Մենք գիտենք, որ մարդիկ աշխատում են, օգտվում են կառավարության այսպես կոչված «40+10» ծրագրից` շարունակելով ստանալ անչափահասների, թոշակառուների և հաշմանդամների հաշվով։ Բոլոր այդ եկամուտների հանրագումարը մեկ մարդու հաշվով կվերահաշվարկվի, Միասնական սոցիալական ծառայությունը դիմում կընդունի, կտեսնի, որ ընտանիքը լրացուցիչ աջակցության կարիք ունի, այդ ժամանակ դա տեղի կունենա»,– նշեց փոխվարչապետը։

Նա անդրադարձավ նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպումներին, որոնց ժամանակ քննարկվել է նրանց հուզող հարցերի միայն սոցիալական բաղադրիչը։

Նշենք, որ մարտի 29-ից իրենց իրավունքների համար պայքարող բռնի տեղահանված արցախցիներն արդեն 2 անգամ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Առաջին հանդիպման ժամանակ նա հայտնել էր, որ «40+10» ծրագրին հետդարձ չի լինելու, իսկ երկրորդին ընդգծել` պատրաստ են երկարաձգել տրամադրվող աջակցությունը, այդ ընթացքում ձևավորել փորձագիտական խմբեր և ի մի բերել բարձրաձայնվող բոլոր խնդիրները` պայմանով, որ Ազատության հրապարակում տեղադրված վրանը կհանվի։

«Արցախցիները երկու հանդիպմանն էլ ասել են, որ առաջարկներ ունեն, հետո այդ հանդիպումները բավարար չեն իրենց այդ առաջարկները քննարկելու համար։ Ես ասել եմ` եթե ժամանակ է պահանջվում, որպեսզի քննարկումը շարունակենք ու հաշվի առնենք օբյեկտիվ և ռացիոնալ առաջարկները, ապա կարող ենք ոչինչ չանել ու ևս 1 ամիս շարունակել աջակցությունը։ Դա բավարար ժամանակ է, որպեսզի կարողանանք հետագա անելիքները որոշել։ Մենք հստակ ասում ենք` նախորդ աջակցությանը հետ քայլ չի լինելու։ Ինչպես կոչենք այն, որ 50 000 դրամ ենք տալիս այն անձին, ով 400 000 դրամ աշխատավարձ է ստանում»,– նշեց Խաչատրյանը։

Հարցին` արդյոք Ազատության հրապարակում հանրահավաքներ իրականացնող և վրան տեղադրած արցախցիներն անկեղծ են իրենց պայքարում` փոխվարչապետը շեշտեց` գնահատականներ չի ցանկանում տալ, բայց ամեն դեպքում կարծում է, որ այնքան էլ անկեղծ չեն։

Հավելենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։