ՀՀ–ն պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ ստորագրել ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը. Միրզոյան

Մանրամասներ
արարատ Միրզոյան

Պաշտոնական Երևանը պատրաստ է քննարկումներ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի շուրջ։ Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ Անթալիայի ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ։

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մինչ այդ հերթական անգամ հիշեցրեց Բաքվի դիրքորոշումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի` լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբն ու փոխվի ՀՀ սահմանադրությունը։

«Մենք պետք է ստորագրենք համաձայնագիր, ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ դնենք այս հակամարտությանը, ցանկության դեպքում նույն օրը լուծենք ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ես նույնիսկ չգիտեմ, թե որ փաստաթուղթը պետք է լինի առաջինը: Եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, եկեք ստորագրենք ԵԱՀԿ անդամ պետություններին կամ քարտուղարությանը լուծարման մասին համատեղ հայտարարություն, եկեք ստեղծենք երկկողմ հանձնաժողով և սկսենք բոլոր հնարավոր հարցերի քննարկումը»,– նշեց Միրզոյանը։

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարն առաջին անգամ հնչեցրել է Իլհամ Ալիևը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկը: Ի սկզբանե Երևանն ըստ էության չէր արձագանքում, սակայն հետո Փաշինյանն ինքը կառչեց այդ մտքից՝ պնդելով լուծարման հնարավորությունը։

Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։

Վերջին տարիներին դրա գործունեությունը դե ֆակտո սառեցված է, դե յուրե՝ ոչ։