Ապրիլի 1-ից արցախցիների որոշակի խմբեր, հիմնականում աշխատանքային տարիքի անձինք, չեն ստանալու կեցության և այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցությունը, որը շարունակվելու է մինչեւ դեկտեմբեր: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ խոսքը ԼՂ-ից բռնի տեղահանված անապահով ընտանիքների մասին է, որոնց եկամուտը չի գերազանցում մեկ շնչի հաշվով 55 հազար դրամից:
«Պետության հովանավորության ներքո գտնվող ընտանիքները չեն օգտվելու այս աջակցությունից: Դրանք են սոցիալական պաշտպանության հաստատություններում՝ մանկատներ, ծերանոցներ, գտնվող անձինք, որովհետև իրենք լրացուցիչ աջակցություն ստանալու խնդիր չունեն: Աջակցություն չեն ստանա նաև այն ընտանիքները, որոնք պետության աջակցությամբ տեղավորվել են սոցիալական բնակարանային ֆոնդում կամ պետության կողմից տրամադրված տարածքներում են բնակվում և վարձ վճարելու խնդիր չունեն:
Բացի այդ, եթե անձը չի գտնվում Հայաստանում, ընտանիքի տվյալ անդամի համար գումար չի հաշվարկվի: Դիտարկվել է նաև ավտոմեքենա ունենալու հանգամանքը. 2017թվականից բարձր արտադրության ավտոմեքենայի դեպքում ընտանիքը աջակցություն չի ստանա, կամ եթե այդ ավտոմեքենայի համար վճարում են գույքահարկ 15000 դրամից ավելի գումար։
Իհարկե, նաև հաշվի առնվում որոշակի գույք ունենալու հանգամանքը: Միանձնյա սեփականության դեպքում ընտանիքը չի օգտվի աջակցությունից, կամ եթե ընտանիքի անդամները միևնույն գույքի նկատմամբ ունեն 50%-ից ավել սեփականության իրավունք»,- ասաց նա:
0Comments