«Գույքահարկի բարձրացում նախատեսող օրենքն ընդունվել է 2020 թվականին և անգամ 2020-ի համար կարծում եմ՝ ուշացած էր, պետք էր շատ ավելի վաղ ընդունել այս փոփոխությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ի պատասխան դիտարկմանը, թե գույքահարկի բարձրացման հետևանքով Երևանի կենտրոնում ապրողներից շատերը պետք է վաճառեն բնակարանները, քանի որ չեն կարողանալու վճարել գույքահարկը: |
«Անտրամաբանական էր, երբ օրինակ Երևանի կենտրոնում գտնվող 60-65 քմ մակերեսով բնակարանի համար վճարվում էր ընդամենը մի քանի հազար դրամ հարկ, այն դեպքում, երբ նույն բնակարանի սեփականատիրոջ 20 և ավելի տարվա վաղեմության ավտոմեքենայի համար վճարվում էր 70 հազար դրամ հարկ»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ նախատեսված է վճարման համակարգը ներդնել աստիճանաբար․
«Եթե նկատել եք, անցյալ տարվա համար ըստ էության 50%-անոց հարկն է վճարվել, այնուհետ սպասվում է 75%-անոց վճարում և 2026 թվականի համար նոր միայն 100 տոկոսանոց հարկի վճարում»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն անձամբ շատ անհարմար էր զգում իր տան համար ցածր գույքահարկ վճարելիս․
«Շատ անհարմար էի զգում, երբ, օրինակ, Ավանի Ծարավ Աղբյուր թաղամասում իմ 110 քմ մակերեսով բնակարանի համար վճարում էի 6000 դրամ հարկ տարեկան, հիմա վճարում եմ երևի 40 հազար դրամի շրջակայքում, որը կարծում եմ էլի ցածր է»,- ասաց նա։
«Անհարմար էի զգում, որ իմ 110 քմ բնակարանի համար 6000 դրամ գույքահարկ էի վճարում»․ Արման Պողոսյան
0Comments