«Վարչապետը պատկերավոր է ասել». Անդրեասյանը` պաշտոնյաների տգետ լինելու Փաշինյանի հայտարարության մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Կարծում եմ, դա պատկերավոր արտահայտություն է, որն ուղղված է նրան, որ ցույց տա, որ իրականում յուրաքանչյուրս ունենք անընդհատ սովորելու կարիք, իսկ դա կարծում եմ առավել քան ակնհայտ փաստ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բոլորս, 7 տարի մնացել ենք նույն դասարանում, որ կառավարությունը տգետ է և այլն:

«Այն խնդիրները, որ մենք ունենք և այն անորոշությունները, որ կան, ցույց են տալիս, որ մեր եղած փորձառությունը և գիտելիքը չի կարող բավարար համարվել և անընդհատ կարիք ունի թարմացման, անընդհատ կարիք ունենք յուրաքանչյուրս մեր վրա աշխատելու, որպեսզի նաև կարողանանք ավելի համապարփակ մոտենալ հարցերին։

Դե իսկ կոնկրետ պաշտոնյաների դեպքում դա նաև կարևոր է այն տեսանկյունից, որ կապը իրականության հետ և իրականությունում մեր ընդունած որոշումների արտացոլանքը մեզ համար միշտ լինի հստակ և պարզ: Սա ընդհանրապես բյուրոկրատական համակարգերի ամենամեծ խնդիրներից մեկն է, որ երբ մարդիկ ինչ-որ մի խնդրի շուրջ երկար աշխատում են և այդ աշխատանքը շահառուների հետ անմիջական կապով չի ուղղորդվում, այստեղ կա վտանգ, որ այդ կապը կարող է ուղղակի կորել:

Օրինակ, մենք կարող ենք որոշել մի լավ ծրագիր անել այս ոլորտում, այս շահառուների համար, բայց եթե այդ շահառուների կարծիքը, այդ շահառուների խնդիրները ուսումնասիրված չեն, մեր որոշումները չեն կարող ամբողջական արտացոլել եղած խնդիրները։ Ինձ թվում է շատ պարզ, բայց շատ կարևոր բաների մասին է խոսքը, որոնք ճիշտ են բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ մենք անձամբ բոլորս տգետ ենք և գյուղացու տգիտությունը գալիս է մեր տգետ լինելուց, արդյոք մտահոգիչ չէ, որ մեր պաշտոնյաների գիտելիքների մակարդակը ցածր է, Անդրեասյանն արձագանքեց. «Ես դա այդպես չէի անվանի, ես արդեն խոսեցի ինչ կոնտեքստում է պետք այդ հարցերը դիտարկել և կարծում եմ՝ որևէ անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք»: