2018թ.-ին Նիկոլին աջակցած «Սերժ մերժողները» փորձում են սեփական մեղքերը վերագրել Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին․ Ստացվու՞մ է, իհարկե ոչ․ Արտակ Զաքարյան

Մանրամասներ
արտակ զաքարյան

Արդեն, իսկ հրապարակված բազմաթիվ լրագրողական հարցախույզեր ու սոցիոլոգիական հարցումներ կան, որտեղ մեր շատ հայրենակիցներ, պարզ ու շիտակ քաղաքացիներ, ազնվորեն ընդունում են, որ 2018-ին մոլորվել են: Շատերն են ավելի լավ ապագայի խոստումներով խաբվել ու ակամայից մասնակից դարձել նիկոլիզմի աղետաբեր իշխանազավթմանը: Պարզ, հասարակ քաղաքացիներին ոչ ոք մեղադրել չի կարող, որովհետև նրանք՝ ինչպես 2018-ին միամիտ ու ազնիվ էին իրենց ցանկությունների մեջ, նույնքան էլ այսօր ազնվորեն զղջում ու փոշմանել են կատարվածի համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

«Իսկ ինչպե՞ս վերաբերվել 2018թ.-ին Նիկոլին աջակցած ու նրան՝ որպես «Սերժ մերժող» գործիք դիտարկածների հետ: Մի՞թե նրանք այնքան դյուրահավատ էին, որ կարծում էին, թե արևմտա-թուրքական գունավոր հեղափոխականը հետո իրենց իշխանություն կտա, կամ կկիսի իշխանությունը որևէ մեկի հետ: Նիկոլն Արցախը կտա, Հայաստանի տարածքները կտա, բազմահազար զոհեր կտա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կտա, ազգային շահերը կտա, բայց իշխանությունը որևէ մեկին ինքնակամ չի տա:

Նիկոլի վիճակն այսօր այնքան է վատացել, որ և՛ իրեն աջակցած արտաքին ուժերը, և՛ իշխանազավթումը ողջունած ներքաղաքական շրջանակները հրաժարվելով հրաժարվում են նրանից:

Այստեղից էլ սկսվել է տարանջատման մեխանիկան: Քաղաքական ու նախընտրական առումով հասկանալի ցանկություն է, բայց մինչև որևէ մեկից տարանջատվելը, նրանք հասկանում են, որ նախ պետք է Նիկոլից տարանջատվեն: Իսկ դա անելու համար որոշել են ընդամենը միամիտ ձևանալ ու աչքերը կլորացրած աջ ու ձախ նայելով առաջ քաշել , «ո՞վ բերեց Նիկոլին» հարցը:

Տրամաբանական կլիներ, որ նիկոլիզմին հրապարակայնորեն աջակցած և ողջունած քաղաքական ուժերն ու անհատներն ազնվորեն կիսեին սեփական սխալների ծանր բեռը: Բայց, քանի որ Նիկոլին աջակցելն այժմ համարվում է ծանր մեղք, ուրեմն վերջիններս որոշել են խեղաթյուրել իրականությունը և դեմ գնալով առողջ բանականությանը՝ փորձում են սեփական մեղքերը վերագրել Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին: Ստացվու՞մ է, իհարկե ոչ:

Նույն կերպ նրանք կարող են ասել, որ վագրերն ապրում են հյուսիսային բևեռում: Կարող են ասել, որ ճնճղուկները ձմռանը քուն են մտնում; Կարող են ասել նաև, որ Հայաստանի մայրաքաղաքը Վեդին է:

Որքան էլ ասեն՝ միևնույն է, ակնհայտ կեղծ պնդումները ճշմարտություն չեն դառնա: Իսկ, եթե իրականում ցանկանու՞մ են հեռացնել Նիկոլին, ապա պետք է դադարեցրեն այս կեղծ ու անիմաստ բալագանը: Բոլորն էլ լավ գիտակցում են, որ ոչ մի ուժ, ոչ մի անհատ միայնակ չի կարողանալու հասնել իշխանափոխության:

Փորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու: Այլապես, դրանից շահում է միայն Ադրբեջանը»,- գրել է նա։