Եթե Ադրբեջանը հստակ արձանագրի, որ իր տարբեր մասշտաբների գործողությունները կուղեկցվեն միայն միջազգային ասպարեզում հայտարարություններով ու կոչերով, Բաքուն կդիմի այդ գործողություններին։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա գնահատմամբ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը շոշափում էր իր այս կամ այն գործողությունների նկատմամբ միջազգային հնարավոր արձագանքը։
«Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիա նախաձեռնելը կարող է լուրջ ռիսկեր ստեղծել հենց Ադրբեջանի համար, կան տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործոններ, որոնք Բաքուն չի կարող անտեսել»,- նշել է նա։
Պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանն իր գործողություններով ձգտում է Հայաստանի իշխանություններին հասկացնել, որ չի հրաժարվել իր խնդիրները լուծելու համար ուժ կիրառելու հնարավորությունից։
«Սրանք նույնպես ահաբեկչական գործողություններ են հանրության դեմ՝ նրանց համոզելու համար, որ Հայաստանի իշխանություններն զիջումներին այլընտրանք չունեն։
Բաքվի ակտիվությունն ուղեկցվում է Երևանի պասիվությամբ նաև տեղեկատվական ճակատում։ Ադրբեջանն անարգել գործողություններ է իրականացնում այդ հարթակում, և Հայաստանի իշխանությունները որևէ լուրջ հակաքայլ չեն ձեռնարկում։ Հայաստանի իշխանությունների լռության պայմաններում Ադրբեջանի անհեթեթ հայտարարություններն արտերկրում սկսում են հիմք ընդունել:
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Բաքուն կոնկրետ ժամերին ու կոնկրետ ուղղություններով պարբերաբար խախտում է հրադադարը, սակայն հայկական կողմից համարժեք պատասխան չկա, իսկ առանց համաչափ պատասխանի՝ Ադրբեջանին կասեցնելն անհնար է։
Հայաստանը պետք է ակտիվորեն խոսեր Ադրբեջանի սադրանքների մասին տարբեր հարթակներում և աշխատեր հիմնական խաղացողների հետ, որոնք կարող էին ազդել Բաքվի վրա։ Սակայն Հայաստանի իշխանությունները Բաքվի գործողությունները զսպելու փոխարեն սահմանային գոտուց եկող տեղեկություններ են զսպում»,- նշել է Աբրահամյանը։
0Comments