Հայ-իրանական զորավարժությունները ուղերձ է նրանց, որոնք չեն ուզում հարգել Իրանի և Հայաստանի կարմիր գծերը. Իրանցի փորձագետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հայ-իրանական համատեղ զորավարժությունների անցկացումը լավ ուղերձ է տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս գտնվող այն երկրների համար, որոնք չեն ցանկանում հարգել Իրանի և Հայաստանի կարմիր գծերը։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել իրանցի միջազգայնագետ Էհսան Մոհավեդիանը:

«Սա ցույց է տալիս Հայաստանի հետ մեր սահմանները պահպանելու մեր հանձնառությունը, այն, որ Իրանը երբեք թույլ չի տա որևէ մեկին չհարգել իր կարմիր գծերը։ Այս համագործակցությունը Իրանի և Հայաստանի համար շատ լավ հնարավորություն է, որպեսզի չսահմանափակվեն միայն քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցությամբ։ Վստահ եմ, որ երկու երկրները փորձում են մեծացնել համագործակցությունը ռազմական, անվտանգության ոլորտում, որովհետև առանց այդ համագործակցության երկու երկրների տարածքային ամբողջականությունը վտանգված կլինի, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը Իսրայելի և Միացյալ Թագավորության օգնությամբ ցանկանում են բռնակցել Սյունիքը՝ այսպես կոչված միջանցքը ստեղծելու համար։ Այնպես որ, մեզ պետք է այդ համագործակցությունը։ Հուսով եմ, որ մոտ ապագայում երկու երկրների զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն նաև այլ տարածքում»,-ասաց նա:

Հարցին՝ տարածաշրջանում առկա իրավիճակը հիմա ձեռնտու՞ է Ադրբեջանին Հայաստանի տարածք ներխուժելու համար և Բաքուն երբ է որոշելու գնալ այդ քայլին, Էհսան Մոհավեդիանը պատասխանեց. «Դա կախված է բազմաթիվ գործոններից։ Առաջին հերթին կախված է նրանց, թե արդյոք Հայաստանն ու Իրանը պատրաստվում են խորացնել համագործակցությունն անվտանգային ոլորտում։ Եթե այս առաջին քայլը տանի ավելի լուրջ պայմանավորվածությունների, ապա, կարծում եմ, Բաքվի և Թուրքիայի համար Սյունիք ներխուժելու հնարավորություն չի լինի։

Մյուս կողմից, դա կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես է խոսելու Ռուսաստանի, Հնդկաստանի, արևմտյան որոշ երկրների՝ այդ թվում Ֆրանսիայի հետ և ինչպես է կարողանալու հավասարակշռել իր հարաբերությունները Արևմուտքի և Արևելքի միջև: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է հասկանա, որ ամենակարևոր հարևանն ու բարեկամը, որի վրա կարող է հույսը դնել, Իրանն է, որովհետև մեր ազգային շահերը 100 տոկոսով համընկնում են։

Եթե ձեր կառավարությունը հասկանում է, որ առանց հզորանալու չեն կարող խաղաղության հասնել, ապա Հայաստանի համար լավ հնարավորություն կլինի Սյունիքը պահելու համար։ Բայց եթե այս առաջին քայլը չբերի Իրանի հետ ռազմական համագործակցության ավելացմանը, վախենամ՝ Ադրբեջանը կմտածի, որ կարող է ներխուժել Սյունիք։ Այսպիսով, դա առաջին հերթին կախված է Հայաստանի իշխանությունից։ Երբ Իրանի գերագույն առաջնորդն ասում է, որ Հայաստանի հետ մեր սահմանը պահելը կարմիր գիծ է, ոչ ոք չի կարող դա վիճարկել։ Եվ կապ չունի՝ թե ով կլինի նախագահը մեր երկրում»: