Խորհուրդ կտամ զերծ մնալ այդպիսի ծանր որակավորումներից

Հայաստանի իշխանությունը միջամտություն չպիտի ունենա Արցախի ներքաղաքական կյանքում. Վիտալի Բալասանյան

Հարցազրույց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ

 Հայաստանի իշխանությունը միջամտություն չպիտի ունենա Արցախի ներքաղաքական կյանքում

– Պարոն Բալասանյան, դեռևս ամիսներ առաջ հայտարարել էիք Արցախի Հանրապետության նախագահի՝ 2020 թ. կայանալիք ընտրություններին առաջադրվելու մասին և ասել, որ դեռևս վերջնական որոշում չունեք: Ի՞նչ եզրահանգման եք եկել, հանրային տրամադրություններ ստուգեցի՞ք, ի՞նչ հանդիպումներ են հաջորդել Ձեր հայտարարությանն այս ընթացքում:

– Այս ընթացքում հանդիպումներ եմ անցկացրել, ընդ որում, թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում: Հանդիպել եմ ակտիվի հետ, համայնքներում եմ եղել, քաղաքական շրջանակներում տարբեր ուժերի հետ եմ հանդիպել, որպեսզի շոշափեմ ընդհանուր առմամբ տրամադրությունները:

– Հայաստանի իշխանությունների տրամադրությունները հասցրե՞լ եք շոշափել, կայացե՞լ է հանդիպում:

– Հայաստանի իշխանությունների հետ հանդիպել եմ, սակայն ընտրական թեմաների կամ իմ առաջադրմանն առնչվող որևէ հարց չեմ քննարկել: Ես գտնում եմ, որ դա ճիշտ չէր լինի, յուրաքանչյուրն իր սահմանադրական իրավունքն ունի, հետևապես՝ չպետք է իր իրավունքն իրացնելիս որոշում համաձայնեցնի: Հանդիպումներիս բուն պատճառը և քննարկման թեման եղել է այն, որ փորձել եմ հասկանալ՝ մարդիկ ինչ ակնկալիքներ ունեն, արդյո՚՚՞ք նրանք համագործակցելու են հետագայում, եթե ես ընտրվեմ Արցախի Հանրապետության նախագահ, և աջակցությունն ինչ կերպ են պատկերացնում:

– Մասնավորապես ո՞ր ուժերի հետ է հանդիպում կայացել:

– Դեռևս մարտին Վեհափառին եմ հանդիպել, փոխանցեցի, որ այսպիսի նպատակներ ունեմ, Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը տվեց, և ես մեծապես բավարարված եմ: Հանդիպել եմ նաև ՀՅԴ Բյուրոյի անդամների հետ: Իմ հանդիպումները տարբեր խմբերի հետ շարունակվում են նաև այսօր, և ես համոզում ունեմ, որ Արցախի ժողովրդի մի ստվար մասի աջակցությունն ու վստահությունն արդեն ունեմ:

– Այն հիմնական մտահոգությունը կամ փոփոխությունը, որ ակնկալում են մարդիկ Ձեր միջոցով, ո՞րն է:

– Հիմնական մտահոգությունն անվտանգության ապահովմանն է առնչվում, արցախցիների համար ամենաազդեցիկ գործոնը երևի թե անվտանգության երաշխիքներն են, ընտրության դեպքում արցախցիների համար պետք է նախագահ լինի այնպիսի մեկը, ով ի վիճակի է և պատասխանատու կլինի իրենց անվտանգության ապահովման համար:

Ես այս մոտեցումը նաև որպես պահանջ եմ դիտարկում, և սիրով ընդունում եմ վստահության մեծ պաշարով ինձ փոխանցված այդ պատասխանատվությունը:

– Մի քանիսն արդեն հայտարարել են իրենց առաջադրման մասին, ներկա մրցակցողների դաշտում ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

– Դեռևս մեկ տարի կա մինչև ընտրությունները, շանսերի գնահատման համար խոսելը վաղ է: Մենք չգիտենք, թե վաղն ինչ կարող է կատարվել մեր տարածաշրջանում, հնարավոր է՝ պրոցեսներ լինեն, իրադրությամբ պայմանավորված՝ կտրուկ իրավիճակ փոխվի ռեյտինգի մասով:

– «Արդարություն» կուսակցությունը, որը պատրաստվում է Ձեր թեկնածությունն առաջադրել, հնարավոր համարո՞ւմ եք՝ այլ ուժերի միանա:

– Այո, շատ հնարավոր է՝ համագումարից հետո ինձ սատարող այլ ուժեր միանան «Արդարություն» կուսակցությանը:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք այն սցենարը, որ Հայաստանի իշխանությունների կողմից սատարող հայտարարություններ հնչեն Արցախի այս կամ այլ թեկնածուի համար, և դրանով կանխորոշվի ընտրության արդյունքները, հատկապես, որ Ձեր ու Հայաստանի իշխանությունների միջև առկա լարվածությունը չի էլ թաքցվում:

– Այո, չեմ բացառում, որ ՀՀ իշխանությունների միջամտությունը լինելու է Արցախի նախագահական ընտրություններին, բայց Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարել է, որ շրջանում չի միջամտելու Արցախի ներքաղաքական հարցերին, առավել ևս՝ ընտրական պրոցեսներին:

Բայց մենք օրերս արձանագրեցինք հակառակը՝ նա հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունն աջակցելու է այն ուժերին, որոնք աջակցում են, ըստ իրեն՝ Հայաստանի ժողովրդի քվեն ստացած իշխանությանը: Ես գտնում եմ՝ ճիշտ չէ, Հայաստանի իշխանությունը միջամտություն չպիտի ունենա Արցախի ներքաղաքական կյանքում:

– Արցախի նախագահ Բակո Սահակյանն առայժմ ցույց չի տալիս, թե ով է իր ֆավորիտ թեկնածուն, կարծում եք՝ կհրապարակի՞ իր կարծիքն ինչ-որ փուլում:

– Ավելի լավ կլիներ՝ Ձեր հարցը նախագահին ուղղեիք, բայց ես չեմ կարծում, որ ինչ-որ փուլում ինքն իր աջակցության մասին հայտարարություն կանի: Ոչ հրապարակային՝ փակ հանդիպման ժամանակ, որին նաև ես եմ ներկա գտնվել, եղել է պայմանավորվածություն, Բակո Սահակյանը հայտարարել է՝ «Որևէ մեկին չեմ աջակցելու, միայն երաշխավորելու եմ, որ Սահմանադրությամբ ինձ տրված լիազորությունների շրջանակներում ապահովվի արդար և թափանցիկ ընտրություների անցկացում»: Այսքանն է հնչել նախագահի շուրթերից:

Հայաստանի իշխանություններն առաջին հերթին ներողություն խնդրեն այն արարքների համար, որոնք թույլ են տրվել այս օրերին

– Հայաստանի և Արցախի իշխանություների միջև առկա լարվածությունն իրականում կա՞, թե՞ այն, ինչ մեզ է տեսանելի, իրականում չհասկացվածություն խնդիր է:

– Լարվածությունը միանշանակ կա, պետք չէ ստել ու բացառել: Ասեմ ավելին՝ այդ լարվածությունն Արցախի իշխանությունները չեն ստեղծել, դեռևս 2018-ի մայիսի 8-ին, երբ ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ, ու հաջորդ օրը՝ եռատոնի կապակցությամբ եկավ Ստեփանակերտ, մենք շատ ջերմ ընդունելություն ենք ցույց տվել Արցախ այցելած նորընտիր վարչապետին: Եվ այդ օրն Արցախի իշխանությունների հետ մի սեղանի շուրջ նստած՝ բազմաթիվ օրակարգային հարցերի շուրջ քննարկումների ժամանակ չի շոշափվել մի հարց կամ որևէ թեմա, որով մենք հակադրվել ենք հայաստանյան իշխանությունների արտահայտած կամքին, կամ ձեռնպահ դիրքորոշում ենք ցույց տվել: Նույն կերպ ջերմությունը շարունակվել է նաև հետագա հանդիպումների ժամանակ: Իսկ թե ինչ հիմքով է Ստեփանակերտ կատարած վերջին այցից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարում, որ դավադիր ուժեր է տեսնում, որոնք հող հանձնելու տրամադրվածություն ունեն, և այլն, և այլն… մեզ համար ընկալելի չէ:

Եթե այդ դավադիր ուժերին իրականում վարչապետն իսկապես բացահայտել է, ապա ես բացառում եմ, որ նրանք Արցախում են, բացառում եմ նաև, որ այդ ուժերն այնքան կարողություն ունեն, որ Ադրբեջանի հետ պատերազմ կարող են հրահրել, ընդհուպ՝ ունենանք տարածքային կորուստներ: Ես ուղղակի բացառում եմ այս ամենը և 100 տոկոսով եմ բացառում:

– Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա համագործակցությունը հայաստանյան ներկայիս իշխանության հետ, եթե Արցախի նախագահական ընտրություններում հաղթողը Դուք լինեք:

– Ինձ համար որևէ տարբերություն չկա, թե ովքեր են Հայաստանի իշխանությունները, ում դեմքով են իշխանության, և ովքեր հետագայում կգան իշխանության: Կա երկու հայկական հանրապետություն, և մենք պարտավոր ենք հարգել պետականությունն ու երկու երկրների իշխանություններին: Պաշտոնապես մեր պարտականությունների կատարման գործընթացին պիտի որ իշխանության ով լինելը չխանգարի: Ասեմ ավելին, վերջին ժամանակաշրջանում, երբ հայաստանյան իշխանությունները տարբեր առիթներով պարբերաբար մատ են թափ տվել մեզ վրա (թաքցնելու բան չկա), մենք միշտ ընդառաջել ենք, կառուցողական դաշտում ենք մնացել, եղել ենք բարեհամբույր և բարեհամբույր շարունակելու ենք դրսևորել մեզ նաև հետագա ընթացքում: Որովհետև սա այն դեպքը չէ, որ պիտի հակադարձենք։ Մենք չենք վտանգի Հայաստանի և Արցախի հանրապետությունների հարաբերությունները, մենք այդպիսի սադրանքների չենք գնալու: Ի վերջո, գործ ունենք պետականության հետ…

Խորհորդ կտամ զերծ մնալ այդպիսի ծանր որակավորումներից, որքան էլ դրանք անհրաժեշտ լինեն այլ նպատակների համար

– Պետական դավաճանների, դավադիրների խմբի բացահայտման մասին վարչապետի վերջին հայտարարությանը ո՞րն է Ձեր արձագանքը՝ որպես Արցախի իշխանության ներկայացուցիչ և որպես Արցախի հերոս:

– Այդպիսի հայտարարությունները, նույնիսկ կարևոր չէ, թե ում շուրթերից են դուրս գալիս, միշտ իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում և կարող են թուլացնել իշխանության դիրքերը: Այնպես որ, խորհորդ կտամ զերծ մնալ այդպիսի ծանր որակավորումներից, որքան էլ դրանք անհրաժեշտ լինեն այլ նպատակների համար: Ես չեմ հավատում, որ այդպիսի հայտարարություններից հետո սոցցանցերում բարձրացրած ալիքը, մարդկանց զայրույթը ծառայում է ինչ-որ դրական գործի: Ֆեյսբուքում նստած մարդիկ, որ այդպես աջ ու ձախ փնովում են Արցախի իշխանություններին, ընդհուպ ինձ՝ որպես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի, չեմ կարծում, թե միանշանակ հավատում են իրենց ձևավորած կարծիքին և այնքան մեծ թիվ չեն կազմում, որ պիտի գործոն դառնան՝ ազդելու առաջիկա ընտրությունների արդյունքների վրա:

Հասարակությունների միջև չկա հակասություն և չի լինելու, որքան էլ ձգտեն, ես ուղղակի բացառում եմ:

Ես ավելի քան համոզված եմ, որ այս հրահրումները նույնիսկ կոնսոլիդացման են տանելու: Իմ անձի դեմ կազմակերպած արշավներն էլ անպտուղ են, ես համոզված եմ, որ չկա մի հայ քաղաքացի, որն ինձ հետ որևէ շփում է ունեցել, ծառայել է կամ առնչվել է ինչ -որ կերպ ու իմ անձի դեմ մաղձով ու բացասաբար արտահայտվի: Ես բաց եմ եղել բոլորի առաջ ու երբեք ինձ թույլ չեմ տվել քայլեր, որոնք այսօր կարող են իմ դեմ աշխատել: Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ բառի ու գործողությունների համար:

– Առաջադրման մասին հայտարարելուց հետո ակնհայտորեն թիրախավորվեցիք մի քանի ուղղություներից: Ձեր անձի դեմ ուղղված մեղադրանքներին, գործողություններին ու որակումներին ինչպե՞ս կարձագանքեիք:

– Պետք է Հայաստանի իշխանություններն առաջին հերթին ներողություն խնդրեն այն արարքների համար, որոնք թույլ են տրվել այս օրերին: Կապ չունի՝ իմ անձի նկատմա՞մբ է արվել, թե՞ մեկ այլ դեպքի առնչությամբ: Ես ընդհանուր առմամբ երևույթը նկատի ունեմ: Ժամանակին, երբ երևույթներին գնահատական էի տալիս՝ ինձ կապում էին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՊՊԾ գնդի կամ այլ անձանց հետ: Ես Մարտի 1-ի մասին խոսելիս՝ երևույթին եմ գնահատական տվել: Եվ ես պատրաստ էլ չեմ խոսել ուրիշի անունից կամ ի պաշտպանություն ուրիշի՝ հանդես գալ այլոց շահերի դիրքերից:

Ես ձգտում եմ զերծ մնալ անձանց փնովելուց և իբր նախկինից վկայակոչած պատմություններով մարդկանց գհնահատականներ տալուց: Եվ այս խաղի կանոններով առաջնորդվելու եմ նաև իմ նախընտրական շրջանում, հույս ունեմ, ակնկալում եմ, որ նույն սկզբունքը կկիրառվի նաև մյուս թեկնածուների կողմից: Սամվել Բաբայանն իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից պիտի զերծ մնա, փոխի մարդկանց միջավայրում իր ներկայանալու ոճը:

– Ձեր նախընտրական ծրագրում տնտեսական աշխուժացման ի՞նչ առանցքային ծրագրեր եք առաջ քաշելու: Շարունակելո՞ւ եք ապավինել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով տարին մեկ անգամ դրամներ հավաքագրելու քաղաքականությանը:

– Ես միանշանակ դեմ եմ գումարներ հավաքագրելուն, մեզ աջակցել պետք չէ, հիմա այն փուլն է, որ Արցախը տնտեսական զարգացման ծրագրերով պիտի օրակարգ ձևավորի: Ես ընդհանուր առմամբ դեմ եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամով հանգանակությունների հնացած ձևերին: Նկատել եք, տարեցտարի նվազում են այդ հավաքագրումները, ինչ-որ տեղ՝ վստահության պակասի, այլ պատկերացումներ ունենալու պատճառով:

Ժամանակն է, որ մենք Սփյուռքին կոնկրետ և առարկայական ներդումային ծրագրեր առաջարկենք, մեր հայրենակիցները պիտի տեսնեն և գնահատեն ՝ որտեղ ինչ ծավալի ներդրումներ անել և երաշխավորել դրա թափանցիկ հոսքերը: Իրենք անմիջական մասնակիցը պիտի դառնան Արցախի ներքին աշխուժացման պրոցեսներին, պիտի հնարավորություն տանք, որպեսզի մարդիկ անձամբ կառավարեն իրենց դրամների շարժը: Արցախում պիտի հիմնենք համահայկական ֆոնդ, ժամանակակից պահանջներով պիտի գծվեն բոլոր ներդրումային ծրագրերը: Իմ ընտրվելուց հետո մարդկային և նյութական ռեսուրսների այլ համակարգում եմ պլանավորում իրականացնել՝ պարզ և ազնիվ մոտեցումներով այդ կապերը կամրապնդեմ տնտեսական և անվտանգության ոլորտներում:

Միանշանակ դեմ եմ անցումային արդարադատության ինստիտուտի ներդրմանը

– Հայաստանի իշխանությունները որդեգրել են արդարության հասնելու անցումային արդարադատության մեթոդը: Ի՞նչ է լինելու Ձեր ընտրվելու պարագայում, Արցախում անցյալի արատավոր երևույթները վեր հանելու, պատժելու անհրաժեշտությունը կա՞:

– Ես միանշանակ դեմ եմ անցումային արդարադատության ինստիտուտի ներդրմանը: Չեմ գտնում, որ դրա անհրաժեշտությունն այսօր կա, առավել ևս՝ Արցախում: Եվ բոլորին ասել, թե բոլոր դատավորները կոռումպացված են, ԱԱԾ-ում կաշառակերներ են, գեներալները գողացողներ են, ընդհանրապես բոլոր բարձրաձայն հայտարարություններին պիտի իրավական դաշտում գործընթացներ նախորդեն, էդպես կանգնել և հայտարարել՝ մոբիլիզացիայի համար, չի կարելի, անընդունելի է պետական համակարգի վրա այդպես բառեր ու որակումներ շպրտել, մենք պետություն ենք: Բնական է, եթե կա ինֆորմացիա, հետաքննական աշխատանք է տարվել, բացահայտումներ կան, ոչ ոք չի ասում՝ բերեք կոծկենք։ Իրավապահ մարմնին պետք չէ կաշկանդել հայտարարություններով:

– Դուք կգնա՞ք նախկինի կոռուպցիան բացահայտելու ճանապարհով:

– Ես նպատակաուղված հայտարարություններ չեմ անի երբեք, ես իրավունք չունեմ ուղղորդել իրավապահներին, ճնշել Դատախազությանը: Որպես երկրի ղեկավար՝ իրավապահ մարմիններին ցանկացած բացահայտումների ժամանակ ոչ մի կերպ չեմ միջամտի և չեմ կաշկանդի նրանց աշխատանքը:

Ուշադրություն դարձրեք, թե որտեղից են դուրս գալիս և շրջանառության մեջ դրվում այսպիսի մեկնաբանությունները

– Պարոն Բալասանյան, անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարին, որն առաջ է քաշել ՀՀ վարչապետը, ո՞րն է Ձեր արձագանքը, կա՞ դրա անհրաժեշտությունը՝ ըստ Ձեզ:

– 2016-ի ապրիլյան դեպքերի ժամանակ ես Արցախի ԱԺ պատգամավոր էի, բայց որպես նախկին հրամանատար՝ եղել եմ այդ օրերին մարտական դիրքերում, որքանով ծառայեցի գործին, թող դրա գնահատականն իմ մարտական ընկերներն ու ժողովուրդը տա: Բայց ես այդ գործողություններից հետո, այո, տեղյակ եմ, որ ՀՀ և ԱՀ իշխանությունների կողմից եղել են դեպքերի հետագա ուսումնասիրություններ, վերլուծություններ են արվել, բնականաբար, զինվորական և քաղաքացիական դատախազությունն իրենց հերթին՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ քննություն է սկսել, հարուցվել են քրեական գործեր, հետաքննական աշխատանքներ են իրականացվել:

Միգուցե դրանք ավարտին չեն հասել կամ բավարար մակարդակում մինչև վերջ չեն ուսումնասիրվել այդ փուլում, բայց ես վստահաբար ասում եմ, որ կարելի է վերջապես վերջակետը դնել շրջանառվող այդ խոսակցություններին, վարկածներին, թե մեր զենքը հին է եղել, կամ բահեր չենք ունեցել, մեր զորքը կռվել է 1980-ականների զենքերով, և այլն: Իսկ ո՞վ է ասել, որ 2015թ. արտադրության տանկ կար Ռուսաստանում կամ Ադրբեջանում:

Այսօր մեր ինքնաձիգերը 1974-78 թվականների արտադրության են, կան զինատեսակներ, որ 1980-89 տվականների արտադրության են, հարգելիներս, զենքը սննդամթերք չէ, որ ասենք՝ սպառման ժամկետը անցավ, զենքն իր գործունակության պիտանելիությունն ունի, և բնավ պարտադիր չէ հենց երեկվա թողարկած արտադրությունը լինի:

Դրանց կարևորությունն ուրիշ պարամետրերով է չափվում, և պետք չէ ոլորտից հեռու, զինտեխնիկայից ու մարտավարական գիտելիքներից չհասկացող մարդկանց գնահատականներով բանակի հզորության և մարտունակության մասին պատկերացում ձևավորել: Ռազմական ոլորտն ու ռազմական քաղաքականությունը դա խոսելու քաղաքականությունը չէ, այստեղ նույնիսկ բառերի էլեմենտները տարբեր ընկալում ունեն:

Արաքսից մինչև Օմարի լեռներ ձգվող ողջ սահմանագծի երկայնքով եղել եմ ապրիլյանի օրերին՝ հատկապես 5-ից հետո, և ես չեմ տեսել մի դիրք, որտեղ մենք զինանոցի պակաս ենք ունեցել, ինչի պատճառով զորքը չի կարողացել կռվել համարժեք: Խնդրում եմ, զգուշություն դրսևորեք բանակի մասին անպատասխանատու և անհիմն հայտարարություններ անելիս: Չեմ հերքում, այո, կառավարման համակարգում այդ օրերին եղել են որոշակի խնդիրներ՝ կապի միջոցներով պայմանավորված, որն Ադրբեջանի դեպքում արդիականացված է, իրենք զինել են իրենց կապուղին այդ ռեպ համակարգով և կարողացան ճնշում գործադրել:

– Մինչ այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը պահանջե՞լ էր Արցախի իշխանությունից կամ ԶՈՒ-ից ինչ-որ փաստաթղթեր, նյութեր, պահանջե՞լ էր 2016-ի ապրիլյան դեպքերի ամբողջական վերլուծությունները ներկայացնել, որից հետո առաջացած հարցերը դեպքերի վերանայման պրոցես սկսելու հիմք կարող էին դառնալ:

– Չգիտեմ, տեղյակ չեմ՝ ինչ փաստագրված տեղեկությունների է ծանոթացել վարչապետ Փաշինյանը: Ես չգիտեմ՝ ինչ նյութերի է ծանոթացել վարչապետը մինչ այդ, և ինչո՞ւ չեն բավարարել դրանք, կամ ի՞նչ տողատակեր կան դեպքերի վերանայման այդ նախաձեռնության տակ: Հետ դառնալ և ասել՝ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի բացահայտել 2016-ի ապրիլյան դեպքերի պատճառները, ես դրան կատեգորիկ դեմ եմ: Չի կարելի, շատ վտանգավոր է այդպիսի հայտարարություններ անել: Կան պետական օղակներ, տարբեր ծառայություններ թե՛ ՀՀ-ում և թե՛ ԱՀ-ում:

Եթե դրա կարիքն իսկապես կա, եթե վարչապետը համարում է՝ չուսումնասիրված կողմեր են մնացել, և գտնում են, որ դա հրատապ է, ուրեմն պետք է նախ ԱՀ և ՀՀ առաջին դեմքերը գան համաձայնության, համապատասխան հանձնարարություններ իջեցնեն ենթակա ծառայություններին, և իրավապահ մարմիններն ապահովեն ամբողջական քննություն և բացահայտեն այն, ինչը մինչ այդ, հնարավոր է, տարբեր պատճառներով ամբողջապես քննության չէր ենթարկվել:

Ի վերջո, չմոռանանք, 2016-ի ապրիլից հետո հազարավոր զինծառայողներ զորացրվել են, գտնվում են քաղաքացիական կյանքում, կաշկանդված չեն որևէ մեկի կողմից: Ես առ այսօր որևէ զինծառայողի կողմից չեմ լսել մի դեպք, որ ասի՝ մեր փամփուշտները վերջացել էին, և չենք կարողացել կռվել։ Ուշադրություն դարձրեք, թե որտեղից են դուրս գալիս և շրջանառության մեջ դրվում այսպիսի մեկնաբանությունները:

– Այսինքն՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը՝ քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին, իրականում քաղաքական ուղերձ էր, այո՞: Պետք էր սլաքներն ուղղել ինչ-որ մարդկանց ուղղությա՞մբ:

– Չգիտեմ, չեմ կարող ասել… Այդ հարցի պատասխանը շուտով կստանանք:

– Կարծում եք՝ նույն ժանրից էր նաև դավադիրների և հող հանձնողների մասին վարչապետ Փաշինյանի հայտնի հայտարարությո՞ւնը, այո՞:

– Չգիտեմ, դա էլ, խնդրում եմ, Նիկոլ Փաշինյանին հարցրեք, թող ինքն ասի՝ ինչ կար իր հայտարարության տողատակերում, որտեղ են այդ դավադիրները, կա՞ն արդյոք իրականում, ո՞վ է պատժելու նրանց, և ինչո՞ւ հիմա չի պատժում: Ես այս հայտարարությանը կանդրադառնամ միառժամանակ հետո, խոստանում եմ:

– Գեներալիտետի դեմ քողարկված ագրեսիվ քաղաքականությունն ի՞նչ նպատակ է հետապնդում՝ ըստ Ձեզ: Ապրիլյան դեպքերի վերհանումով և այլ հայտարարություններով արդյո՞ք նպատակ չի դրվում կազմալուծել ԶՈՒ-ում գեներալների ներքին համախմբված ուժերը:

– Ես ինֆորմացված չեմ՝ հայաստանյան իշխանություններին ձեռնտո՞ւ են Ղարաբաղում գեներալիտետի կազմում, զինված ուժերում ունեցած կուռ հարաբերությունները, թե՞ ոչ, ո՞ւմ չէ ձեռնտու… Ինչո՞ւ…

Թեժ կապը պիտի լիներ Արցախի և պատերազմող Ադրբեջանի միջև

– Հայաստանյան իշխանությունների՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման բանաձևը որքանո՞վ է Ձեզ համար ընդունելի տարբերակ՝ երբ ասում են՝ բանակցությունները պիտի լինեն բաց, և Ղարաբաղի ճակատագիրը պիտի ժողովուրդը որոշի: Դիվանագիտությունը կարո՞ղ է բաց լինել, կամ, ինչպե՞ս կմեկնաբանեք ժողովրդի՝ որոշում կայացնելու մոտեցումը:

– Նմանատիպ հարցեր երբևիցե ժողովուրդները չեն որոշում։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ժողովուրդը բանակցություններ վարի, արդյունք տա… «ժողովուրդն է որոշում»՝ այդպիսի հասկացություն չկա: Ժողովուրդն արդեն իսկ ընտրության քվեով իր վստահությունը հայտնել է օրվա իշխանություններին, կնշանակի՝ նա հենց այդ իշխանությանն է արտոնել՝ առաջին դեմքով զբաղվել իր երկրի հարցերով, այդ թվում՝ ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսական հարցերով: Այնպես որ, հատուկ հնարքներ գործի դնել չի կարելի, միայն թե իրենց վրայից պատասխանատվության դաշտը տեղափոխեն ժողովրդի ուսերին: Սա ընդամենը փորձ է պետության անվտանգության պատասխանատվությունից իրենց հեռու պահելու համար, ինչը շատ սխալ է:

Եթե բանակցություններն ավարտվեն, ու այն փաստաթուղթը, որը կհամարվի վերջնական և ընդունելի կլինի երկրի ղեկավարների, այդ թվում՝ Արցախի իշխանությունների համար, կդրվի նաև ժողովրդի սեղանին, որպեսզի նա իր կամքն արտահայտի հանրաքվեի միջոցով, սա է միակ տարբերակը ժողովրդի կամարտահայտման, մյուս տարբերակները, հաշվեք, թե ձախողված են:

Ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում, բայց երևի այս գործընթացը չէ, որ նկատի է առնվում իրականում, երբ ասվում է, թե ժողովուրդը պիտի որոշի:

 – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպումից հետո երկկողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար առաքելություն իրականացնելու և երկրների երկու ղեկավարների միջև հատուկ կապի միջոց ստեղծելու մասին: Ձեզ ի՞նչ է հայտնի, թեժ կապ ասվածն արդեն գործո՞ւմ է:

– Անկեղծ ասած՝ ես տեղյակ չեմ այդ թեժ կապից, չգիտեմ էլ, թե ով է այս կամ այն կողմից վարում այդ կապուղին, և առհասարակ չգիտեմ, թե այդ ո՞ր կառույցի միջոցով է այդ թեժ կապը գործի դրվել կամ դրվելու: Այդ մասով ընդհանրապես տեղյակ չենք և չգիտենք՝ ինչի մասին է խոսքը:

Իհարկե, այդ կապի կարիքը միանշանակ կա, բայց սխալ է, որ այդ կապը պիտի Հայաստանի Հանրապետությունն իրականացնի՝ պատերազմող Ադրբեջանի հետ: Հայաստանը հակամարտող կողմ չէ, Արցախը դեռևս Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ է, և մի աբսուրդ տարածքի վրա 1910թ.-ին իրեն հանրապետություն հռչակած Ադրբեջանի ղեկավարությունը 1988-ին հարձակվել է իր խաղաղ բնակիչների վրա, իսկ 1991 թվից սկած՝ արդեն իսկ Ղարաբաղի տարածքում ապրող հայ բնակչի հանդեպ է ռազմական գործողություններ կիրառել: Սա պետք է ֆիքսել, ՀՀ-ն կապ չունի այս պատերազմի հետ, ոչ միայն պատերազմող կողմ չէ, այլև հակամարտող կողմ չէ Հայաստանը, և այդ իմաստով թեժ կապը պիտի լիներ Արցախի և պատերազմող Ադրբեջանի միջև:

– 90-ականների պատերազմին գործի դրվե՞լ է այդ կապուղու միջոցը, թեժ գիծ կա՞ր այդ ժամանակ:

– Այո, 1991-94 թվականներին այդ ռադիոկապը կար կողմերի միջև, Ադրբեջանի հետ ընդհուպ գծային կապը կար, և ժամանակ առ ժամանակ թե Գերագույն խորհրդի նախագահը, թե իր տեղակալը, և թե Զինված ուժերի հրամանատարը՝ Ազգային անվտանգության ծառայության ժամանակ ինչպես ընդունված էր ասել՝ այդ ՎՉ-ով, հաստատում էր կապը: Եվ այդ կապը մեծապես օգնում էր իրադրային պահերին, մեծ խնդիր էր լուծում, իսկ այսօր չգիտեմ՝ ինչի մասին է խոսք գնում:

– Փաշինյան-Ալիև «վերելակային հանդիպմանը» հաջորդած 2 ամիսներին հումանիտար առաքելության ի՞նչ միջոցառումներ են իրականացվել՝ պայմանավորվածության համաձայն, և ի՞նչ է նախատեսվում ընդհանուր առմամբ:

– Ես ընդհանրապես այդ հումանիտար միջոցառումների ֆորմատին տեղյակ չեմ ու չեմ կարող ասել, թե մասնավորապես ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը: Անձամբ ես չեմ տիրապետում՝ ինչ երկկողմ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել, դա ի դեմս Հայաստանի՞, թե՞ Արցախի պիտի գործի դրվի:

Այդ հանդիպումներին ընդհանուր առմամբ պայմանավորվել ենք 2 հարցի շուրջ՝ առաջինը հենց այն է, որը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ինքն ընտրվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից, և իրեն իրավունք վերապահված չէ բանակցել Արցախի և արցախցի ժողովրդի անունից: Ըստ այդմ առաջարկություն է արվել, որ բանակցային սեղանին նստի Արցախը՝ որպես բանակցային լիիրավ կողմ ներգրավվելու ֆորմատը, ինչը նախկինում է եղել, ինչպես նաև ավելացնել հետևյալ պահանջը՝ օր առաջ Մինսկի խմբի շրջանակներում կնքվի խաղաղության պայմանագիրը:

 Օր առաջ պիտի նոր պայմանագիր ստորագրվի՝ Ադրբեջանի և Արցախի միջև, և դա խաղաղության պայմանագիրն է

– Խաղաղության պայամանագրի կնքումը որքանո՞վ եք իրատեսական համարում մոտալուտ ժամանակներում, և արդյո՞ք 1994-ին ձեռք բերված զինադադարի պայմանագրի օրինակով հետագայում սա էլ չի ծառայի Ադրբեջանին՝ երկակի ստանդատներով:

– 1994 թ. մայիսի 12-ին կնքված զինադադարի պայմանագիրը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման միակ ստորագրված փաստաթուղթն է, բայց այն այլևս չի գործում փաստացի: Երբ ադրբեջանական կողմին ձեռնտու է՝ փոխհրաձգություն է սկսում հրահրել, դիվերսիոն հետախուզական գործողություններ, հարձակողական մարտեր, երբ ձեռնտու չէ՝ ասում է՝ պայմանագիրը գործում է:

Ես գտնում եմ, որ օր առաջ պիտի նոր պայմանագիր ստորագրվի՝ Ադրբեջանի և Արցախի միջև, և դա խաղաղության պայմանագիրն է: Այդ պայմանագրի ստորագրմանը պիտի մասնակցի նաև Հայաստանը, ընդհուպ՝ տարածաշրջանի մյուս պետությունները՝ եթե ցանկություն հայտնեն՝ ԻԻՀ-ն, Թուրքիան, Վրաստանը, ինչո՞ւ չէ, նաև ՌԴ-ն: Ոմանք այս պայմանագիրը մի շարքային փաստաթուղթ են պատկերացնում: Ոչ, դա հենց այն փաստաթուղթն է, որն ըստ էության գնահատական է տալու տարածքային վեճին, պատերազմական գործողություններին և անհայտ կորածների թեմային: Մենք սա որպես մի քաղաքական և պատմական փաստաթղթերի փաթեթ ենք պատկերացնում, որպեսզի սկսենք նստել բանակցությունների և բովանդակային ձևով քննարկումներ ծավալենք։ Առանց այս խաղաղության պայմանագրի՝ մենք դրան հասնել չենք կարող, ուղղակի անհրաժեշտություն է նոր պայմանագիրը: