Ռուսաստանը կշարունակի աջակցել Երևանի և Անկարայի մերձեցմանն ուղղված ջանքերին՝ դրանք դիտարկելով որպես Հարավային Կովկասի կայունության առանցքային գործոն: Ինչպես հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այս մասին ասել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում։
Ըստ հաղորդագրության` զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Ռուբինյանը ռուսական կողմին տեղեկացրել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ զրույցն անցել է կառուցողական մթնոլորտում:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
0Comments