ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից

Մանրամասներ
դրոշ

 

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը Օմանում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ բանակցություններում Թեհրանից չի պահանջել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին։

Վերջիններս բանակցությունները որակել են «ծավալուն և երկխոսության պահպանմանը միտված»: Ուիտկոֆը, որը գլխավորում էր ԱՄՆ պատվիրակությունը, չի առաջարկել, որ Իսլամական Հանրապետությունն ամբողջությամբ դադարեցնի ուրանի հարստացումը, այլ կենտրոնացել է նրա վրա, որ «այն չօգտագործվի զենքի մեջ», ասել են թերթի աղբյուրները։

Ըստ պարբերականի, բանակցությունների առաջին փուլը Իրանի համար հաջող է անցել և թույլ է տվել հասնել այն հիմնական նպատակներին, որոնք անհրաժեշտ էին քննարկումները նոր մակարդակ տեղափոխելու համար, այն է՝ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում եղել է Թեհրանի միջուկային ծրագիրը, իրանական միջուկային օբյեկտների վերացման հարցը չի բարձրացվել, չեն քննարկվել երկրի կապերը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, շիական «Հեզբոլլահ» կազմակերպության և հութիների «Անսար Ալլահ» շարժման հետ: