Ադրբեջանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումները. Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում տեղի ունեցած «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումում։
Ըստ Ալիևի՝ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։
«Եթե ադրբեջանական պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այդ դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից»,-նշել է Ալիևը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն մերժեց վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։ Բանաձևին կողմ է քվեարկել 90, դեմ՝ 76, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։ Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանի դեմ քվեարկած 76 պատգամավորների մուտքն այդ երկիր արգելվել է։
0Comments