Իրանի զինված ուժերը 10 ստորաբաժանում են տեղակայել սահմանային տարբեր շրջաններում. Գեներալ Հեյդարի

Մանրամասներ
Քյումարս Հեյդարի

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին հայտնել է, որ երկրի զինված ուժերը 10 ստորաբաժանում են տեղակայել սահմանային տարբեր շրջանների երկայնքով՝ բազմակողմանի հետախուզություն և անվտանգություն ապահովելու նպատակով, հաղորդում է Mehr-ը:

Միաժամանակ նա նախազգուշացրել է, որ տեղակայումը չի նշանակում, որ բոլոր սպառնալիքները վերացվել են:

«Դա, ավելի շուտ, ուղղված է սահմաններում ուժեղ անվտանգություն և կանխարգելիչ ներկայություն հաստատելուն», - ասել է բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին:

Հեյդարին նաև հիշեցրել է, որ Իրանի ցամաքային ուժերը վերջերս երեք լայնածավալ զորավարժություններ են անցկացրել երկրի արևելյան, արևմտյան և առափնյա շրջաններում։

Ըստ նրա, առկա սպառնալիքների և ապագա վտանգների հեռատես գնահատմամբ իրենց հաջողվել է պահպանել տեխնիկական և օպերատիվ պատրաստվածությունը։

«Մեր աչքերը լայն բացված են, իսկ ձեռքներս ձգանին է։ Եթե որևէ սպառնալիք իրականանա, մենք թշնամուն գոյատևելու հնարավորություն չենք տա»,- հայտարարել է ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը։

Խոսելով ժամանակակից պատերազմի սպառնալիքների մասին՝ Հեյդարին ասել է, որ ցամաքային զորքերը ստեղծել են մասնագիտացված ստորաբաժանումներ՝ կիբեր սպառնալիքներին դիմակայելու համար և զգալիորեն ուժեղացրել են իրենց կիբերպաշտպանության կարողությունները։

«Մեր կիբեր ստորաբաժանումները ներկայումս գործում են տեխնիկական բարձրագույն հագեցվածությամբ և հնարավորություններով»,- ասել է նա։