«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին

Մանրամասներ
Հայկական ավիաուղիներ ինքնաթիռ

«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչև վերջերս Հայաստանում գրանցված էին իբրև EK-AAB և EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում: Այս մասին գրում է «Հետք»-ը։

«Նախորդ հոդվածում գրել էինք, որ այն բանից հետո, երբ հայկական փոխադրողը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները, EK-AAB գրանցումով Airbus A321-ը մարտի 25-ին Երևանից թռել է Ստամբուլ:

EK-AAB-ն 2023 թ. ապրիլին էր տեղափոխվել Հայաստան ու գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Ընդ որում՝ այս օդանավը հունվարի 6-ից կոմերցիոն թռիչքներ չէր կատարում և կանգնած էր «Զվարթնոցում»:

Այսպիսով՝ EK-AAB-ն «Հայկական ավիաուղիների» շարժակազմում մնաց շուրջ 2 տարի:

Հիշեցնենք, որ մինչև Հայաստան տեղափոխվելը ինքնաթիռը շահագործվում էր ռուսական Northwind Airlines ավիաընկերության կողմից, սակայն գրանցված էր Բերմուդյան կղզիներում: Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ ռուսական ավիացիան հայտնվեց արևմտյան պատժամիջոցների տակ, այս օդանավը դուրս բերվեց Northwind Airlines-ի ավիապարկից ու 2022-ի գարնանը տեղափոխվեց Ստամբուլ, իսկ շուրջ մեկ տարի անց հայտնվեց «Հայկական ավիաուղիների» տրամադրության տակ: Թուրքական Southwind Airlines-ի շարժակազմում, ըստ planespotter.net-ի, այս Airbus A321-ը ստացել է TC-GRG գրանցումը:
Հայկական ավիաուղիների» մյուս Airbus A321-ը մեր երկիր էր տեղափոխվել ավելի վաղ՝ 2022-ի դեկտեմբերին, ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում իբրեւ EK-AAD: Ինքնաթիռն այս տարվա ապրիլի 9-ին Երեւանից թռել է Անթալիայի օդանավակայան, որտեղ բազավորվում է Southwind Airlines-ը:

Այս ընկերության ավիապարկում, ըստ planespotter.net-ի, օդանավը ստացել է TC-GRF գրանցումը: Ընդ որում՝ 2022-ի տարեվերջին Հայաստան տեղափոխվելուց առաջ, planespotters.net-ի տվյալներով, նախատեսվում էր, որ այս ինքնաթիռը պետք է համալրի հենց Southwind Airlines-ի շարքերը, սակայն դրա փոխարեն այն հանձնվեց «Հայկական ավիաուղիներին»: Բայց ինչպես տեսնում ենք, մեր երկիր տեղափոխվելուց շուրջ 2,5 տարի անց, այդուհանդերձ, այն դարձավ թուրքական օպերատորի բորտ:

Այն, որ վերոնշյալ երկու օդանավերը վերջին տարիներին անցել են Northwind Airlines-«Հայկական ավիաուղիներ»- Southwind Airlines «եռանկյունով», ամենեւին տարօրինակ չէ, քանի որ սրանք փոխկապակցված ավիաընկերություններ են»,- հայտնում է Հետք-ը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։