Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը կհամաձայնի քննարկել իր ջոկատների զինաթափման հարցը միայն Իսրայելի կողմից որոշակի պայմանների կատարման և ագրեսիայից տուժած շրջանների վերականգնման դեպքում։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լիբանանի «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասան Ֆադլալան։
«Մենք առաջին հերթին պահանջում ենք դադարեցնել հարձակումները Լիբանանի վրա, որոնց ականատեսներն ենք դարձել վերջին օրերին։ Երկրորդ, պետք է դադարեցվի օկուպացիան, և իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն Լիբանանի տարածքից: Երրորդ, մենք սպասում ենք թշնամու կողմից գերեվարված մեր բոլոր գերիների ազատ արձակմանը», – նշել է քաղաքական գործիչը, որի խոսքը մեջբերել Asharq al-Awsat թերթը։
«Հեզբոլլահ»-ը ներկայացնող պատգամավորը որպես չորրորդ պայման նշել է այն բնակավայրերի վերականգնումը, որոնց նյութական վնաս է հասցվել ռազմական գործողությունների ընթացքում։
«Ագրեսիայի ընթացքում ավերված և վնասված բոլոր տները պետք է վերականգնվեն», – ընդգծել է Ֆադլալան։ – Երբ այս ամենը կատարվի, մենք կարող ենք ձեռնամուխ լինել Լիբանանի պաշտպանական դոկտրինի քննարկմանը»:
Ապրիլի 20-ին հանրապետության նախագահ գեներալ Ժոզեֆ Աունը Զատկի տոնի առթիվ իր ուղերձում հայտարարել էր, որ չի պատրաստվում շտապել «Հեզբոլլահ»-ի զինաթափման հարցում և շարժման վրա ճնշում գործադրել՝ անցանկալի հետևանքների պատճառով։
«Մենք դա կիրականացնենք պաշտպանական դոկտրինի շուրջ երկխոսության շրջանակներում, բայց ստիպված ենք սպասել, մինչև հանգամանքները թույլ տան, – նշել էր Աունը։ – Այժմ ոչ ոք չի խոսում ժամկետների կամ ճնշման մասին»։
Նախագահն ընդգծել էր, որ «ներքին հարցերին պետք է մոտենալ խոհեմությամբ և պատասխանատվությամբ՝ Լիբանանը կործանման չտանելու համար»։
Ապրիլի 18-ին «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը նախազգուշացրել էր, որ թույլ չի տա ուժով զինաթափել շիա մարտիկներին։ Նա նաև նշել էր, որ լիբանանյան բանակի և դիմադրության ջոկատների միջև բախում տեղի չի ունենա:
0Comments