Իսրայելի հարվածից Թուրքիայի երեք քաղաքացի է զոհվել

Մանրամասներ
Իսրայել

Իսրայելի ավիահարվածի հետևանքով Թուրքիայի 3 քաղաքացի է մահացել. նրանք փորձում էին ապօրինի հատել լիբանանա-իսրայելական սահմանը։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ԱԳՆ–ն։

Նշվում է, որ ավելի վաղ կորել է այդ անձանց հետ կապը, իշխանությունները որոնողական աշխատանքներ են իրականացրել։

«Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք այս հակաօրինական հարվածը, որը հանգեցրեց մեր քաղաքացիների մահվան։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ քաղաքականությունը, որն անտեսում է մարդկային կյանքերը և մեծացնում լարվածությունը տարածաշրջանում»,– ասվում է հաղորդագրությունում։

Նախարարությունից նաև հայտնել են, որ անհրաժեշտ գործողություններ են իրականացվում, որպեսզի մահացածների դիերն անհապաղ տեղափոխվեն Թուրքիա։

Մինչ այդ թուրքական իշխանությունները նշել են, որ մոբիլիզացրել են բոլոր ռեսուրսները կորած քաղաքացիներին գտնելու համար ու ընտանիքների հետ մշտապես կապի մեջ են եղել։