ԱՄՆ-ն հրաժարվել է G7-ի հետ դատապարտել Սումիի վրա Ռուսաստանի հարվածը. Bloomberg

Մանրամասներ
ամն

Միացյալ Նահանգները G7 երկրներին տեղեկացրել է, որ Մոսկվայի հետ բանակցությունները հիմք ընդունելով՝ չի ստորագրի Ուկրաինայի Սումի քաղաքին ռուսական հրթիռային հարվածը դատապարտող համատեղ հայտարարությունը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Վաշինգտոնն այդ որոշումը բացատրել է նրանով, որ «աշխատում է տարածք պահպանել խաղաղ բանակցությունների համար»՝ Սպիտակ տան և Կրեմլի միջև շարունակական շփումների պայմաններում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ Կանադան, որն այս տարի նախագահում է G7-ում, դաշնակիցներին ասել է, որ հայտարարությունը հնարավոր չի լինի ընդունել առանց ԱՄՆ աջակցության։

Փաստաթղթի նախնական տարբերակում G7-ի երկրները նշել էին, որ Սումիին հրթիռային հարվածն «ապացուցում է պատերազմը շարունակելու Ռուսաստանի վճռականությունը», գրում է Bloomberg-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սումիի վրա հարձակումը անվանել էր «սարսափելի իրադարձություն»։ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզն էլ այն անվանել էր «ուժեղ հիշեցում» Ուկրաինայի պատերազմում խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին։