ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լանկաստեր քաղաքի քաղաքապետն առաջարկել է անօթևաններին տրամադրել թմրամիջոցներ, որպեսզի հնարավոր լինի ազատվել նրանցից, գրում է New York Post-ը։
Փերիսի պնդմամբ՝ բոլոր անօթևանների մոտ կեսն ազատության մեջ հայտնված հանցագործներ են, որոնք, ըստ նրա, կատարում են քաղաքում հանցագործությունների մեծ մասը:
«Ես ուզում եմ նրանց անվճար ֆենտանիլ տալ... Ես ուզում եմ նրանց տալ այնքան ֆենտանիլ, որքան նրանք ուզում են... Որովհետև մենք իսկապես պետք է ազատվենք այս մարդկանցից», - մեջբերում է թերթը Լանկաստերի քաղաքապետ Ռեքս Փերիսը:
Թերթի տեղեկություններով՝ քաղաքապետն իր վիճահարույց տեսակետը հայտնել է փետրվարի 25-ին կայացած քաղաքային խորհրդի նիստի ժամանակ, երբ մի բնակիչ վիճարկել է քաղաքային իշխանությունների՝ անօթևանների հետ կապված ճգնաժամը լուծելու փորձը:
Բայց Փերիսը, որը քաղաքապետ է 2008 թվականից, ուրբաթ օրը FOX LA-ին տված հարցազրույցում մանրամասնել է, որ չի զղջում անօթևաններին խիստ կախվածություն առաջացնող և հաճախ մահվան հանգեցնող ափիոնային թմրանյութ տալու ցանկության համար: Նա մանրամասնել է, որ նկատի ուներ այն անօթևան հանցագործներին, ովքեր հրաժարվում են օգնություն ստանալ:
«Ես շատ պարզ ասացի, որ ես խոսում եմ հանցավոր տարրի մասին, որոնք ազատ են արձակվել բանտերից ու այժմ կազմում են անօթևան բնակչության 40-45%-ը: Նրանք պատասխանատու են կողոպուտների, մեր բռնաբարությունների մեծ մասի և սպանությունների առնվազն կեսի համար: Մենք ոչինչ չենք կարող անել այս մարդկանց համար», - ասել է Փերիսը՝ առանց ապացույցներ կամ տվյալներ առաջարկելու իր պնդումները հաստատելու համար:
0Comments