Վենսը ժամանել է Դելի. Մոդիի հետ քննարկելու են մաքսատուրքերն ու առևտրային համաձայնագիրը

Մանրամասներ
վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Դելի, որտեղ նա բանակցություններ կվարի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Նրանք, հավանաբար, կկենտրոնանան երկու երկրի երկկողմ առևտրային համաձայնագրի արագ կնքման ուղղությամբ, գրում է BBC-ն։

«Կողմերը նաև կարծիքներ կփոխանակեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ»,- Վենսի այցից առաջ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Փոխնախագահին ուղեկցում են նրա երեխաներն ու կինը՝ Ուշա Վենսը, որի ծնողները Միացյալ Նահանգներ են տեղափոխվել Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգից։ Փոխնախագահի այցը տեղի է ունենում համաշխարհային առևտրի բարդ իրավիճակի պայմաններում, որն առաջացել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերի քաղաքականության պատճառով, հիշեցնում է լրատվականը։

Թրամփը, որը բազմիցս մեղադրել է Դելիին ԱՄՆ-ի հետ առևտրային անհավասարակշռություն ստեղծելու և ի վնաս Ամերիկայի մաքսատուրքերը հօգուտ Հնդկաստանի օգտագործելու համար, հնդկական ապրանքների համար սահմանել է 27 տոկոս մաքսատուրք, սակայն ապրիլի 9-ին այն կասեցրել է։

Հետագա տնտեսական հետևանքները կանխելու համար Հնդկաստանի պաշտոնյաները շտապում են համաձայնեցնել առևտրային գործարքի առաջին փուլը, որը կողմերը հույս ունեն ավարտել մինչև աշուն: