Չինաստանի արտգործնախարար Վան Ին Լաոսում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
«Արտաքին գործերի նախարար Վան Ին Լաոսում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ», - Մաո Նինի խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը։ Երկու բարձրաստիճան դիվանագետները «կարծիքներ կփոխանակեն ընդհանուր մտահոգություն ներկայացնող հարցերի շուրջ», - ասել է Մաոն՝ առանց հանդիպման հստակ ամսաթիվը նշելու:
Հուլիսի 25-ին Վան Ին ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի նախորդ օրը նա հանդիպել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին հայտնել է, որ Լաոսում հանդիպում է ունենալու Չինաստանի իր պաշտոնակցի հետ։ Բլինքենի ասիական շրջագայությունը կտևի 8 օր, որի ընթացքում նա կայցելի 6 երկիր՝ Վիետնամ, Լաոս, Ճապոնիա, Ֆիլիպիններ, Սինգապուր և Մոնղոլիա։
0Comments