Կոշտ արձագանքը չուշացավ. ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնությունը Ուկրաինային

Մանրամասներ
Քերոլայն Լևիտ

ԱՄՆ-ն այլևս ռազմական օգնություն չի տրամադրի Ուկրաինային և առաջնահերթություն է տալու խաղաղ բանակցություններին, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

«Մենք այլևս չենք պատրաստվում պարզապես դատարկ չեկեր դուրս գրել հեռավոր երկրում պատերազմի համար՝ առանց իրական, տեւական խաղաղության», - ասել է Լևիտը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային վեճը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Washington Post-ին ասել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Ուկրաինային ընթացիկ ռազմական օգնությունը դադարեցնելու հարցը:

Այդ որոշումը, եթե ընդունվի, կներառի միլիարդավոր դոլարների օգնություն՝ ռադարների, մեքենաների, զինամթերքի և հրթիռների տեսքով, որոնք սպասում են Ուկրաինա առաքմանը:

Ըստ ամերիկացի փորձագետների, այժմ Ռուսաստանի պայմաններով զինադադարն ավելի հավանական է դարձել, «որովհետև Ուկրաինան անհանգստանալու է, որ իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ փլուզվում են, և ավելի լավ է գործարքի գնալու ճանապարհ գտնի, քանի դեռ Ռուսաստանի առավելություններն էլ ավելի ակնհայտ չեն դարձել»: