Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տոկունություն եւ քաջություն է մաղթել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ երեկվա վեճից հետո, հայտնել է «Новости-Грузия»-ն։
Կոբախիձեն վրացի քաղաքական գործիչներին եւ եվրոպացի առաջնորդներին, որոնք աջակցում են Զելենսկուն լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ Օվալաձեւ աշխատասենյակում Թրամփի եւ նրա փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մեղադրանքներից հետո, անվանել է պատերազմի ջատագովներ։
Երեկվա տեսարանին իր սուր արձագանքում նա տեսել է «խաղաղություն ցանկացող եւ ուկրաինացիների ճակատագրով մտահոգ ուժերի եւ նրանց, ովքեր ցանկանում են կռվել մինչեւ վերջին ուկրաինացին»:
«Նախագահ Թրամփն ու նրա խաղաղարար ջանքերը մեկը մյուսի հետեւից դատապարտվում են այն մարդկանց կողմից, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի եւ հազարավոր ուկրաինացիների սառնասիրտ սպանությունների համար»,- գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում։
Ստեղծված իրավիճակում նա տեսնում է «գլոբալ պատերազմի կուսակցության» հետքը, որը, ըստ «Վրացական երազանքի» տեսության, ցանկանում է «երկրորդ ճակատ» բացել Վրաստանում։
Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ իշխանության մեջ գտնվող կուսակցությունը ճիշտ էր, երբ Թբիլիսիի նկատմամբ արեւմտյան քննադատությունը կապում էր «խորքային պետության» հետ։
«Գլոբալ պատերազմի կուսակցությունն անմիջապես մոբիլիզացրեց նախագահ Թրամփի խոսնակներին՝ Ջին Շահինից մինչեւ Բրյուսելի բազմաթիվ պաշտոնյաներ: Նրանցից հետ չէին մնում վրացական արմատական ընդդիմության առաջնորդները, որոնք ընդամենը մեկ ամիս առաջ պարծենում էին նախագահ Թրամփի երդմնակալության ժամանակ հետնասենյակում արված «սելֆիներով»,- ասել է Կոբախիձեն՝ նկատի ունենալով Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու երեկվա «հարձակման» գնահատականը։
«Պատերազմի կուսակցության եւ խաղաղասեր ուժերի միջեւ պայքարը թեւակոխում է վճռական փուլ։ Հուսանք, որ այս ճակատամարտը կավարտվի խաղաղության հաղթանակով: Որքան շուտ ավարտվի պատերազմն Ուկրաինայում, այնքան ավելի քիչ ուկրաինացիներ կյանքեր կկորցնեն, եւ ավելի արագ խաղաղություն կհաստատվի ողջ տարածաշրջանում»,- եզրափակել է Կոբախիձեն։
0Comments