Լաց լինող դեսպանը հայ է․․․

Մանրամասներ
Օքսանա Մարկարովա

Երեկ համարյա բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան, որ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը լաց է եղել Թրամփ-Զելենսկի բանավեճի ժամանակ:

Լրագրողները ֆիքսել էին այդ պահը։ Ուկրաինայի դեսպանը՝ Օքսանա Մարկարովան հայտնվեց ուշադրության կենտրոնում՝ համացանցում նույնիսկ գրում էին, թե բա մեզ շատ կլիներ, որ մեր  հայ դեսպաններից մեկն էլ մի բանից ազդվեր, նման հայրենասիրական արարք կատարեր։

Միանգամից ասեմ, որ Օքսաննան հայ է։ Ծնվել է հայ-ուկրաինական ընտանիքում, առաջին կրթությունը ստացել է Կիևո-Մոգիլյանի ակադեմիայում, որտեղ դարձել է էկոլոգիական գիտությունների մագիստրոս։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2021 թվականի փետրվարի 25-ին ստորագրել է հրամանագիր ֆինանսների նախկին նախարար, հայկական արմատներով Օքսանա Մարկարովային նշանակել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան: Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ Զելենսկին նշել է, որ Մարկարովայի թեկնածությունն ունի մի քանի առանցքային նշանակություն՝ հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ և շատ դրական ընկալում ԱՄՆ-ում: Զելենսկին ընդգծել է, որ Մարկարովան պետք է կենտրոնանա առաջին հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ արդյունավետ երկխոսություն կառուցելու վրա: Դրանից բացի, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել Կոնգրեսի հետ: 

Երեկ դեսպանը լաց էր լինում Ուկրաինայի, Զելենսկու հետ կոշտ խոսելու համար։ Եվ համացանցային  ափսոսանքը, որ մենք այդ ուկրաինացու նման մի դեսպան էլ չունենք, որ մեր սև օրի համար լացի, համարենք իրականացած, բայց ոչ թե մեր երկրի, այլ Ուկրաինայի համար։

«Հրապարակ օրաթերթ»