Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսի ելույթից պարզ դարձավ, որ Հայաստանը պետք է ընտրի երկու տարբերակներից մեկը` լինել Թուրքիայի հետ, թե Ռուսաստանի։ Դեմոկրատական կուսակցության կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Վենսը Մյունխենում անվտանգության 61-րդ համաժողովի ժամանակ հնչեցրած իր հայտնի ելույթում խիստ քննադատության էր ենթարկել եվրոպական պետությունների քաղաքականությունը:
«Վենսի ելույթից հետևում է, որ յուրաքանչյուր նորմալ հայ պետք է նստի ու մտածի` գնում է Օսմանյան Թուրքիա՞, թե՞ մնում է Ռուսաստանի հետ։ Պետք է կատարյալ հիմար լինես, որ չհասկանաս` ԱՄՆ-ն Ուկրաինային ասում է. «Դու տեղ չունես ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում»։ Եթե եվրոպական Ուկրաինան չպետք է լինի ԵՄ-ում, ապա ի՞նչ գործ ունի Հայաստանը ԵՄ-ում։ Ի՞նչ կեղծ օրակարգ եք ձևավորել` «եկեք հանրաքվե անցկացնենք Եվրոպային անդամակցելու վերաբերյալ»։ Իսկ ո՞վ է ձեզ սպասում ԵՄ-ում։ Մարդիկ հասկանալի լեզվով ասում են` նման բան չպետք է լինի»,- ընդգծեց նախկին վարչապետը։
Նրա խոսքով` ԱՄՆ-ն արդեն հասկացրել է, որ գլոբալ խաղաղությանը փոխարինելու է գալիս 8-10 տարածաշրջանային տերություններով խաղաղությունը: Դրանց թվում է նաև թյուրքական աշխարհը`Օսմանյան կայսրության վերածննդի գաղափարախոսությամբ։
ՀՀ նախկին վարչապետը չբացառեց, որ ռուս-ամերիկյան շփումների ընթացքում կքննարկվի նաև Հայաստանի տեղը ձևավորվող բազմաբևեռ աշխարհում, ընդ որում` այդ «խոսակցությանը» կարող է միջամտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Մենք դեռ 2018 թվականից ասում ենք` ի՞նչ եք անում։ Ո՛չ Եվրոպա եք հասնելու, ո՛չ էլ ուրիշ տեղ։ Միակ ընտրությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև է։ Դուք մեզ Թուրքիա եք տանում։ Հենց Թուրքիային միանալու համար է պահանջվում հայտարարել, թե Արարատ լեռը մեզ հետ կապ չունի, որ Ցեղասպանություն չի եղել։ Արցախը դատարկելն էլ դրա համար էր պետք։ «Զանգեզուրի միջանցքից» հետո էլ խոսք կբացվի ամբողջ Սյունիքը հանձնելու մասին»,-կարծում է Բագրատյանը։
Նրա դիտարկմամբ` ԱՄՆ-ն հստակ հասկացրել է, որ չի պատրաստվում պատերազմել որևէ մեկի համար, իսկ Եվրոպային խորհուրդ է տվել ներդրումներ կատարել սեփական արևելյան սահմանների անվտանգության մեջ։ Քաղաքական գործիչը պրակտիկ է համարում ներկայիս ամերիկյան մոտեցումը, քանի որ վերջին տարիներին ԱՄՆ տնտեսությունը գնալով ավելի ու ավելի պակաս մրցունակ է դառնում Ռուսաստանի կամ Չինաստանի համեմատ: Նույնը վերաբերում է ԵՄ տնտեսությանը, որը լուրջ ճգնաժամի մեջ է։
Բագրատյանի խոսքով` գնողունակության պարիտետով Ռուսաստանում 2023 թվականին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 41 հազար դոլար, ինչը գերազանցում է եվրոպական երկրների մեծամասնության ցուցանիշները։
Եվ եթե 20 տարի առաջ ԵՄ-ն մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով առաջ էր ԱՄՆ-ից, ապա այսօր, հակառակը, հետ է մնում գրեթե 50 տոկոսով: Իսկ տեխնոլոգիական առումով ԵՄ-ի հետ մնալու մասին է վկայում այն փաստը, որ անցյալ տարի ԱՄՆ-ում տրվել է 800 հազար պատենտ, իսկ ԵՄ-ում ՝ 110 հազար, այսինքն` ավելի քան 7 անգամ քիչ։
«Ո՞ւր եք գնում»,- ՀՀ իշխանություններին հռետորական հարց ուղղեց Բագրատյանը` ընդգծելով, որ Եվրամիությունում, որին անդամակցելու ուղղություն է բռնել երկրի իշխող ուժը, տնտեսության աճը կազմել է ընդամենը 0,5 տոկոս, ընդ որում` Գերմանիայում անկում է գրանցվել` 0,7 տոկոս: ԱՄՆ-ում գրանցվել է 2.5 տոկոս աճ։ Ռուսաստանում, չնայած պատերազմին, աճը կազմել է 4,1 տոկոս։
Նախկին վարչապետը կարծում է, որ մոտ 15 տարի կանցնի, մինչև Հայաստանին գուցե վերցնեն ԵՄ, և այդ ընթացքում Եվրոպան կարող է Եվրասիական մայրցամաքի հետամնաց տարածաշրջաններից մեկը դառնալ։
«Ինչո՞ւ եք դա անում։ Ինչո՞ւ եք լրացուցիչ խնդիրներ փնտրում: Ո՞վ է ձեզ գազ տալու, ո՞վ է է ձեզ ցորեն տալու։ Պարզ տնտեսական օրինակ։ Լեռնային Ղարաբաղը հանձնեցին, ու ցորենը 100 հազար տոննայով պակասեց։ Ո՞ր երկրից մատակարարվող ցորենի հաշվին լրացրին այդ 100 հազար տոննան։ Ռուսաստանին դիմեցին, չէ՞։ Ռուսաստանը պատասխանեց. «Ես 100 հազար տոննա չունեմ։ Ամբողջ ցորենը բաշխված է երկարաժամկետ պայմանագրերով»: Բայց հետո ասաց. «Ոչինչ, Հայաստանի համար մի բան կանենք»: Ինքներդ եք մեծացնում Ռուսաստանից կախվածությունը, հետո ժողովրդի առաջ քննադատում եք նրան»,- ասաց նախկին վարչապետը։
Նա համոզված է, որ ուրիշի հետ թշնամության հաշվին բարեկամություն չի կարող լինել։ Ոչ միայն պետությունների դեպքում, այլև մարդկային հարաբերություններում չի կարելի սեփական բարեկամությունն ապացուցել` թշնամանք դրսևորելով երրորդ կողմի նկատմամբ։
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Ըստ հաշվարկների` Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կկրճատվի 80 տոկոսով, և կորուստները այլընտրանքային ուղղություններով փոխարինելն անհնար կլինի նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում: Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանից արտահանումը 2015 թվականից սկսած աճել է 10 անգամ, ընդ որում` հիմնականում ռուսական ուղղության հաշվին։ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն անցյալ տարի մոտեցել է 12 մլրդ դոլարի ցուցանիշին։
0Comments