Ռուսաստանն անհանգստացած է իրանական զորքերի մարտական բարձր պատրաստականության վիճակի մասին տեղեկություններով

Մանրամասներ
Իրան

Ռուսաստանն անհանգստացած է իրանական զորքերի բարձր պատրաստության վիճակի մասին տեղեկություններով, ըստ РИА Новости գործակալության՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Reuters-ը, վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, որի անունը չի նշվում, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի զինված ուժերը մարտական բարձր պատրաստվածության է բերել:

«Անկասկած»,-պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտահոգված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով:

Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում նա նշել է, թե կնախընտրեր Թեհրանի հետ համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Այնուհետև ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախընտրում է բանակցությունները։ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, մարտի 19-ին հայտնել է, որ Թրամփը, Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին ուղղված նամակում, միջուկային նոր համաձայնագրի կնքման համար երկամսյա ժամկետ է սահմանել։