Հիմա էլ Բաքուն պահանջում է «անարգել մուտք» Նախիջեւան

Մանրամասներ
բայրամով

Բաքուն Երեւանից պահանջում է «անարգել մուտք» Նախիջեւան։ Այս միտքը հնչեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ նախարարը նշել է, որ խաղաղ համաձայնագրի տեքստի աշխատանքն ավարտվել է մարտին, եւ «Ադրբեջանը հնարավորություն ունի եւս մեկ անգամ Հայաստանի հետ քննարկել գործընթացի վերջնական ավարտի իր օրինական ակնկալիքները»։

«Ես նշեցի Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Մինսկի խմբի վերացումը, սահմանազատման գործընթացը շարունակվում է, բայց հաղորդակցությունների բացման հարցը դեռեւս լուծված չէ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաեւ այն մասին, որ անարգել մուտքը Նախիջեւան դեռ չի ապահովվել։ «Քննարկվել են ազատագրված տարածքների վերականգնման եւ շինարարական աշխատանքները, ինչպես նաեւ ականների վտանգը, որն այս գործընթացների ամենալուրջ խնդիրներից է»,- թվարկել է Բայրամովը։

Այսինքն՝ ըստ էության համաձայնեցնելով պայմանագրի տեքստը՝ Բաքուն որոշել է նոր պահանջներ առաջ քաշել։ Դա, ըստ մի շարք փորձագետների, արվում է խաղաղ պայմանագրի ստորագրումից ընդհանրապես խուսափելու համար։