Մամուլում շրջանառվող՝ Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը: Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակը՝ մեկնաբանելով «Ազգ» օրաթերթի հրապարակումն առ այն, որ Իրանի նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը օրերս տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց Երևան այցի շրջանակում հանդիպել է նախագահի հետ, այնուհետև նրանից «պատգամ» փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Իրանի Իսլամական Հանրապետության վաստակաշատ դիվանագետներից է՝ 2024 թ. ԻԻՀ նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Մասուդ Փեզեշքիանի նախընտրական շտաբի ամենաակտիվ քարոզիչներից մեկը: Նա ԻԻՀ 14-րդ կառավարության անցումային շրջանում ռազմավարական խորհրդի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ մինչ այդ՝ նախագահ Ռոհանիի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց այցելել էր Երևան և Բաքու: Երևանում ԻԻՀ ԱԳ նախարարն արարողակարգով նախատեսված ծրագրի շրջանակում հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Իրանցի դիվանագետն օրերս իր տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ երևանյան հանդիպումից ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: Ըստ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին փոխանցել հետևյալ ձեւակերպմամբ իր պատգամը.«28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին, ձեզ (ադրբեջանցիներին Գ.Ա.) նվաստացրինք ու ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»:
Զարիֆը նաև հավելում է.«ՀՀ նախագահի պատգամը Բաքվում փոխանցեցի նախագահ Իլհամ Ալիևին, ընդգծելով, որ խաղաղությունը պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես: Իլհամ Ալիեւն էլ տրամաբանական համարեց այդ խոսքերն ու ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ վարվելու է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:
0Comments