Խամենեին թույլատրել է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ–ի հետ. ԶԼՄ

Մանրամասներ
Խամենեի

Միջնորդավորված երկխոսության հաջող արդյունքի դեպքում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կթույլատրի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ վարել։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Ինչպես հայտնի է, ապրիլի 12-ին Օմանում երկու երկրների պատվիրակությունների միջև կանցկացվեն անուղղակի բանակցություններ։

Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ հրաժարվում է ամերիկյան կողմի հետ ուղիղ շփումներից և հանդես է գալիս միջնորդավորված բանակցությունների օգտին:

Հիմա, ինչպես պնդում է ամերիկյան պարբերականը, Խամենեին իրանցի պաշտոնյաների ճնշման ներքո թաւյլատրել է իրականացնել ուղղակի շփումներ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել էր, որ Օմանում սպասվող շփումները սոսկ հանդիպում են, ոչ թե լիարժեք բանակցություններ:

Նա նաև մեկնաբանել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ նախագահը «ասում է այն, ինչ նկատի ունի և գործում է համապատասխանաբար»՝ շարունակելով Թեհրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը:

Մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների հարցը` Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 12-ին կկայանա «գրեթե բարձր մակարդակով» հանդիպում: Սպիտակ տան ներկայացուցիչ Քերոլայն Լիվիտը մանրամասնել է, որ հանդիպումն ուղիղ է լինելու:

Բանակցություններին կմասնակցի նաև Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը: