«Հայկական ավիաուղիների» օդանավերի թիվը պակասել է, «Ֆլայուան Արմենիայինը»՝ ավելացել. Hetq.am

Մանրամասներ
ինքնաթիռ

Մարտի 17-ին «Հայկական ավիաուղիներ» («ՀԱՈւ») ընկերությունը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ և  նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Հայտարարությունն անելու պահին ավիաընկերությունն ուներ 2 ինքնաթիռ, երկուսն էլ՝ Airbus A321 տիպի, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-AAD ու EK-AAB: 

EK-AAD-ն փոխադրողի առաջին օդանավն էր: Այն Հայաստան է տեղափոխվել 2022 թ. դեկտեմբերին ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն կոմերցիոն թռիչքների համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթը՝ օդանավ շահագործողի վկայականը (ՕՇՎ), ստացել է հենց 2022-ի դեկտեմբերի 27-ին, այն նույն օրը, երբ նրա առաջին ինքնաթիռը գրանցվեց Հայաստանում: 

Ընկերության երկրորդ Airbus A321-ը (EK-AAB) չնայած 2022-ի տարեվերջին արդեն ներկվել էր «ՀԱՈւ»-ի գույներով, Հայաստան տեղափոխվել է 2023-ի ապրիլին ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում:

Նկատենք, որ թե՛ EK-AAD-ի, թե՛ EK-AAB-ի անուղղակի սեփականատերը իր դուստր ընկերությունների միջոցով ամերիկյան խոշոր լիզինգատու Air Lease Corporation-ն է: 

«ՀԱՈւ»-ի՝ մարտի 17-ի հայտարարությունից օրեր անց՝ ամսի 26-ին, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն իր կայքում թարմացրել է մեր երկրում գրանցված օդանավերի ցանկը, ինչից երեւում է, որ EK-AAB-ն դուրս է բերվել հայկական ռեգիստրից, այսինքն՝ այլևս «ՀԱՈւ»-ի շարժակազմում չէ: Ընդ որում՝ օդանավի գրանցումը ՀՀ ռեգիստրում վավերական էր մինչեւ այս տարվա ապրիլի 14-ը: Flightradar24.com կայքից էլ տեղեկանում ենք, որ EK-AAB-ն հունվարի 6-ից հետո թռիչքներ չէր կատարում, իսկ մարտի 25-ին այս բորտը Երևանից տեխնիկական չվերթով մեկնել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայան: 

Հենց Թուրքիա մեկնելը կարելի է անակնկալ չհամարել, քանի որ «Հայկական ավիաուղիները» բիզնես կապեր ունի, այդ թվում՝ սեփականատերերի միջոցով, ռուսական եւ թուրքական գործարար շրջանակների հետ: 

Այս պահին «ՀԱՈւ»-ի շարժակազմում մնացած միակ բորտը (EK-AAD) շարունակում է թռիչքները ռուսական ուղղություններով, բայց, դատելով ընկերության հայտարարությունից, ապրիլի 7-ից դրանք եւս կդադարեցվեն: 

Ի տարբերություն «Հայկական ավիաուղիների»՝ ավիապարկի համալրում է ունեցել «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունը: 

Մինչեւ մարտի 28-ն այս փոխադրողն իր շարժակազմում ուներ Հայաստանում գրանցված 1 օդանավ՝ Airbus A320 տիպի եւ EK-FOB գրանցումով:

Նկատենք, որ 2021-ի մարտին հիմնադրված «Ֆլայուան Արմենիան» թռիչքները մեկնարկել է նույն տարվա դեկտեմբերին, բայց մինչեւ 2023 թ. մարտ ամիսը շահագործել է իր մայր ընկերությունից՝ մոլդովական Fly One-ից վարձակալած օդանավեր: Դրանցից մեկը՝ Airbus A319 տիպի (մոլդովական գրանցումը՝ ER-00002), 2023-ի մարտին գրանցվել էր ՀՀ օդանավերի ռեգիստրում (EK-FOA)՝ դառնալով «Ֆլայուան Արմենիայի» հայկական գրանցումով առաջին ինքնաթիռը: 2023-2024 թթ. ՀՀ ռեգիստրում «անցկացնելուց» հետո Airbus A319-ը նորից տեղափոխվել է մոլդովական Fly One-ի շարժակազմ (կրկին կրում է ER-00002 գրանցումը), սակայն ներկայում շարունակում է վարձակալական հիմունքներով շահագործվել «Ֆլայուան Արմենիայի» կողմից: 

2023-ի մայիսին էլ Հայաստանում՝ «Ֆլայուան Արմենիայի» շարժակազմում, որպես EK-FOB գրանցվել է մինչ այդ Fly One-ի ավիապարկում գտնվող եւ Մոլդովայում որպես ER-00005 գրանցված Airbus A320 տիպի օդանավը: Մինչ օրս այն գրանցված է մեր երկրում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: