Ե՞րբ դուրս կգանք ավիացիոն «սև ցուցակից». Երևանը սպասում է ԵՄ հանձնաժողովի պատասխանին

Մանրամասներ
ինքնաթիռ

Հայաստանը վերացրել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2020 թվականին կատարած գնահատողական այցի շրջանակներում հայտնաբերված հիմնական թերությունները, որոնց պատճառով հայտնվել էր ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նշենք, որ 2020 թ. հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը հրապարակել էր ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակը», որում առաջին անգամ ընդգրկվել էր նաև Հայաստանը՝ բոլոր տեղական ավիափոխադրողներով: Հայկական ավիացիայում հայտնաբերվել էր 41 թերություն։

ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը բազմիցս նշել է, որ գլխավոր խնդիրը եղել է տեսուչների, մասնագետների պակասը, նրանց աշխատավարձերը բարձր չեն եղել, ինչը հանգեցրել է նրան, որ նրանցից շատերը գնացել են մասնավոր ավիաընկերություններ ու տեղափոխվել այլ երկրներ: Դա էլ դարձել է Հայաստանին «սև ցուցակում» ընդգրկելու հիմքերից մեկը։

Նախարարությունից հայտնել են նաև, որ Հայաստանը դիմել է ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրինությանը նախորդ տարվա հոկտեմբերի 1–ին` նախաձեռնելով «սև ցուցակից» հայկական ավիաընկերություններին դուրս բերելու գործընթացի մեկնարկը։

Սակայն մեկնարկը տրվել է միայն նոյեմբերի 13-ին, երբ տեղի է ունեցել Հայաստանի ներկայացուցիչների և Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրենության հետ առաջին հանդիպումը։

Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը վերացված թերությունները փոխանցել է հանձնաժողովի տնօրենությանը ՝ փաստաթուղթը պաշտոնապես վավերացնելու և համապատասխան որոշում կայացնելու համար:

«ԵՄ թռիչքներ կատարելու արգելք ունեցող ավիաընկերությունների ցուցակից դուրս գալու հնարավոր ժամկետն արդեն իսկ կախված է ԵՄ Շարժունակության և տրանսպորտի հարցերով գլխավոր տնօրինության կողմից ձեռնարկվելիք գործողությունների ժամկետներից»,– նշված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունում նշել են նաև, որ ԵՄ թռիչքներ կատարելու արգելք ունեցող ավիաընկերությունների ցուցակում հայտնվելը որոշ խոչընդոտներ է ստեղծել հայկական փոխադրողների համար դեպի ԵՄ տարածք թռիչքներ իրականացնելու համար, սակայն որպես այդ խնդրի լուծում հայկական փոխադրողները դեպի ԵՄ թռիչքներ կարող են իրականացնել` օգտագործելով այլ ավիաընկերությունների օդանավեր' վերջիններիս հետ բաց վարձակալության պայմանագրեր կնքելու միջոցով։

Հիշեցնենք, որ «սև ցուցակը» ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակն է (EU Air Safety List): ԵՄ-ի ավիացիոն կանոնակարգերի համաձայն` 2020 թ. հունիսից արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: