Մոտ 40 մարդ է վիրավորվել Նիգերիա-ԱՄՆ չվերթի ինքնաթիռում՝ օդում առեղծվածային միջադեպից հետո

Մանրամասներ
Իրան օդային տարածք ինքնաթիռ

38 մարդ վիրավորվել է, որոնցից վեցը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ United Airlines ավիաընկերության Նիգերիայից Վաշինգտոն չվերթն օդում խնդիրներ է ունեցել, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով Նիգերիայի իշխանություններին։

Արտակարգ իրավիճակի բնույթն այնքան էլ պարզ չէ, սակայն NBC News-ի կողմից հաստատված տեսագրությունները ցույց են տալիս, որ Boeing 787-8-ի սրահում միջադեպից հետո խառնաշփոթ է տիրել, սննդով սկուտեղները ցրված են եղել հատակին, իսկ ինքնաթիռի երեսապատման մի մասը պոկված է եղել առաստաղից։

Նիգերիայի Օդանավակայանների դաշնային վարչությունը հայտնել է, որ United Airlines-ի չվերթը Լագոսից թռիչք է կատարել հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 11:59-ին: Ինքնաթիռը վերադարձել է Մուրթալա Մուհամեդի միջազգային օդանավակայան ուրբաթ օրը ժամը 15:22-ին թռիչքից «մի քանի ժամ» հետո վթարային իրավիճակի պատճառով:

Շաբաթ օրը United Airlines-ի հայտարարության մեջ ասվում է, որ 613 չվերթը, որում եղել է 245 ուղևոր, անձնակազմի ութ անդամ և երեք օդաչու, ապահով վերադարձել է Լագոս՝ «տեխնիկական անսարքությունից և ինքնաթիռի անսպասելի շարժումից հետո»:

Ավիաընկերությունը նշել է, որ հոսպիտալացված վեց մարդկանցից չորսն ուղևորներ են, իսկ երկուսը բորտուղեկցորդներ, որոնք թեթև վնասվածքներ են ստացել: Մինչդեռ Նիգերիայի օդանավակայանների վարչության հայտարարության մեջ ասվում է, որ ուղևորներից վեցը լուրջ վնասվածքներ են ստացել, նրանց վիճակը կայունացվել է տեղի բժշկական հաստատություններում, ինչից հետո նրանց տեղափոխել են Իկեջայի հիվանդանոց: Հայտարարության համաձայն, ևս 27 ուղևոր և անձնակազմի 5 անդամ ստացել են թեթև վնասվածքներ: