Պատահե՞լ է, որ լոգանք ընդունելիս կամ զգեստափոխվելիս ձեր մարմնի այս կամ այն հատվածում կապտուկներ նկատեք, որոնց ի հայտ գալը չեք զգացել:
WebMD կայքը գրում է, որ երբեմն ինչ-որ առարկաների բախվելուց նորմալ է, որ կարող են կապտուկներ առաջանալ ձեր ծնկներին եւ արմունկներին: Նորմալ է նաեւ, որ դուք չհիշեք դրանց առաջացման մասին, սակայն առանց էական պատճառի կապտուկների հայտնվելը դեմքին, մեջքին, կրծքավանդակին կամ գոտկատեղին այդքան էլ սովորական բան չէ եւ կարիք կա բժշկական հետազոտության:
Ինչպե՞ս է կապտուկն առաջանում
Երբ դուք մարմնի որեւէ հատվածին հարված եք ստանում, եւ բաց վերք չկա, ապա արյուն չի հոսում, սակայն հարվածից վնասված անոթներն սկսում են արյունահոսել մաշկի տակ: Դրա արդյունքում մաշկը տվյալ հատվածում գունավորում է ստանում: Սովորաբար սկզբում կապտուկը կարմիր է կամ մանուշակագույն, սակայն հետագայում կարող է դառնալ շագանակագույն, կանաչ կամ դեղին: Կապտուկի հատվածը կարող է ուռչել եւ ցավել:
Հարվածների արդյունքում առաջացած կապտուկները սովորաբար իրենք իրենց անցնում են մեկ կամ երկու շաբաթից:
Որ դեպքերում է պետք դիմել բժիշկի
-հարվածից մեկ շաբաթ անց կապտուկի լավացման նշաններ չեն նկատվում
-տեղակայված է մարմնի այն հատվածում, որտեղ պատահական հարվածները քիչ հավանական են
-գնալով մեծանում է կամ կրկին առաջանում
-անսովոր չափերի է
Կապտուկների առաջացման այլ պատճառներ
Կարեւոր գործոն է տարիքը: Տարեց մարդիկ առավել հեշտությամբ են կապտուկներ ստանում, քան երիտասարդները:
Օրգանիզմում B12, C կամ K վիտամինների դեֆիցիտը նույնպես կարող է հաճախակի կապտուկների առաջացման պատճառ լինել:
Կապտուկների առաջացման պատճառներից են նաեւ արյան շրջանառության հետ կապված խնդիրները, նաեւ՝ ժառանգականությունը:
Ի դեպ, որոշ դեղամիջոցներ նույնպես կարող եք կապտուկների առաջացման պատճառ լինել, այնպես որ՝ արժե խորհրդակցել բժիշկի հետ:
0Comments