Ինչո՞ւ են մաշկի վրա հաճախակի կապտուկներ առաջանում

Նորմալ է նաեւ, որ դուք չհիշեք դրանց առաջացման մասին, սակայն առանց էական պատճառի կապտուկների հայտնվելը դեմքին, մեջքին, կրծքավանդակին կամ գոտկատեղին այդքան էլ սովորական բան չէ

Պատահե՞լ է, որ լոգանք ընդունելիս կամ զգեստափոխվելիս ձեր մարմնի այս կամ այն հատվածում կապտուկներ նկատեք, որոնց ի հայտ գալը չեք զգացել:

WebMD կայքը գրում է, որ երբեմն ինչ-որ առարկաների բախվելուց նորմալ է, որ կարող են կապտուկներ առաջանալ ձեր ծնկներին եւ արմունկներին: Նորմալ է նաեւ, որ դուք չհիշեք դրանց առաջացման մասին, սակայն առանց էական պատճառի կապտուկների հայտնվելը դեմքին, մեջքին, կրծքավանդակին կամ գոտկատեղին այդքան էլ սովորական բան չէ եւ կարիք կա բժշկական հետազոտության:

Ինչպե՞ս է կապտուկն առաջանում

Երբ դուք մարմնի որեւէ հատվածին հարված եք ստանում, եւ բաց վերք չկա, ապա արյուն չի հոսում, սակայն հարվածից վնասված անոթներն սկսում են արյունահոսել մաշկի տակ: Դրա արդյունքում մաշկը տվյալ հատվածում գունավորում է ստանում: Սովորաբար սկզբում կապտուկը կարմիր է կամ մանուշակագույն, սակայն հետագայում կարող է դառնալ շագանակագույն, կանաչ կամ դեղին: Կապտուկի հատվածը կարող է ուռչել եւ ցավել:

Հարվածների արդյունքում առաջացած կապտուկները սովորաբար իրենք իրենց անցնում են մեկ կամ երկու շաբաթից: 

Որ դեպքերում է պետք դիմել բժիշկի

-հարվածից մեկ շաբաթ անց կապտուկի լավացման նշաններ չեն նկատվում
-տեղակայված է մարմնի այն հատվածում, որտեղ պատահական հարվածները քիչ հավանական են
-գնալով մեծանում է կամ կրկին առաջանում 
-անսովոր չափերի է 

Կապտուկների առաջացման այլ պատճառներ

Կարեւոր գործոն է տարիքը: Տարեց մարդիկ առավել հեշտությամբ են կապտուկներ ստանում, քան երիտասարդները: 

Օրգանիզմում B12, C կամ K վիտամինների դեֆիցիտը նույնպես կարող է հաճախակի կապտուկների առաջացման պատճառ լինել:

Կապտուկների առաջացման պատճառներից են նաեւ արյան շրջանառության հետ կապված խնդիրները, նաեւ՝ ժառանգականությունը:

Ի դեպ, որոշ դեղամիջոցներ նույնպես կարող եք կապտուկների առաջացման պատճառ լինել, այնպես որ՝ արժե խորհրդակցել բժիշկի հետ:

Doctors.am