Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Խարկովի բարձրահարկ շենքին

Մանրամասներ
ATACMS Storm Shadow հրթիռ

Ռուսական բանակն ապրիլի 18-ի առավոտյան վաղ հրթիռներով հարձակվել է Խարկովի խիտ բնակեցված տարածքի վրա, հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ Խարկովին հարվածները հասցվել են կասետային զինամթերքով բալիստիկ հրթիռներով, հենց դա է պատճառը, որ տուժած տարածքները շատ մեծ են»,- գրել է Տերեխովը իր թելեգրամյան ալիքում։ Ինչպես նշել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, հարվածի տակ են հայտնվել  Օսնովյանսկի շրջանում բնակելի շենքերը։

Հրթիռներից մեկը բազմահարկ բնակելի շենք է խոցել։ Արդյունքում մեկ մարդ մահացել է, 57-ը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում հինգ երեխա կա, նշել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը: Ընդհանուր առմամբ, ըստ Տերեխովի, վնասվել է ավելի քան 20 բազմաբնակարան շենք և ավելի քան 30 մասնավոր շինություն։ Տուժել է նաև արդյունաբերական գործարան: Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ գործարան արտադրամասերից մեկում 450 քմ. մետր տարածքում հրդեհ է բռնկվել:

Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որ ձեռնարկության մասին է խոսքը։ Բացի դրանից, ապրիլի 18-ի առավոտյան ռուսական բանակը երեք անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Սումիում տեղակայված արդյունաբերական օբյեկտի վրա։ Արդյունքում մեկ մարդ մահացել է, հայտնել է քաղաքապետի պաշտոնակատար Արտեմ Կոբզարը։ Նա հավելել է, որ շենքը վնասվել է, տանիքը փլուզվել է։ Նախորդ երեկոյան ռուսական ինքնաթիռն էլ հարվածել է Խարկովի մարզի Կուպյանսկի ինը հարկանի շենքին: Խարկովի շրջանային դատախազության տվյալներով՝ տուժել է 72-ամյա մի կին։ Պայթյունը հարևանությամբ գտնվող առնվազն 10 այլ բազմաբնակարան շենքեր է վնասել։