2019 թվականին ՀՀ կառավարությունը բյուջեի պահուստային ֆոնդից հատկացրեց ընդհանուր 53 մլն 37 հազար դրամ՝ Եգիպտոսի Հուրգադա քաղաքում մնացած 416 ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: Քաղաքացիները Հուրգադայում էին մնացել «Էյ Ընդ Ար Տուր» տուրօպերատորի կողմից հունական «Օրանջ Թու Ֆլայ» ընկերության նկատմամբ պարտականությունները չկատարելու հետևանքով, գրում է «Հետքը»:
Մասնավորապես, Կառավարությունը 2019թ․ հուլիսի 26-ի որոշմամբ 47 մլն 199 հազ. դրամ էր հատկացրել Արտաքին գործերի նախարարությանը, որով 2 թռիչք էր կազմակերպվել հունական SpotAir ավիաընկերության միջոցով, և հայրենիք էր վերադարձել 315 քաղաքացի։ Օգոստոսի 1-ի որոշմամբ էլ Կառավարությունը ևս 5 մլն 838 հազար դրամ էր հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որ երրորդ չվերթն իրականացնի «Տարոն-Ավիա» ընկերության միջոցով՝ ևս 101 քաղաքացու Հայաստան վերադարձնելու համար։
Նույն թվականին հարուցվել է քրեական գործ, և մեղադրանք է առաջադրվել տուրօպերատորի տնօրենին՝ Անի Ալեքսանյանին։ Գործով տուժող են ճանաչվել Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կառավարության, մի շարք տուրիստական գործակալություններ և ֆիզիկական անձինք։ Տուրօպերատորը ֆիզիկական անձանցից և տուրիստական գործակալություններից հավաքագրել է բազմաթիվ հաճախորդների, որոնցից մի մասին ուղևորափոխադրել է հանգստի վայրեր։ Այնուհետև չարաշահել է հաճախորդների և գործակալությունների վստահությունը․ ստացել է ուղևորություն կազմակերպելու համար նախատեսված գումարները, սակայն դրանց զգալի մասը չի փոխանցել հունական «Օրանջ Թու Ֆլայ» և «Տեզ Տուր» ընկերություններին։ Դրա հետևանքով 2019թ․ հուլիսից սկսած՝ չեղարկվել են չարտերային չվերթերը։
Անի Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի (2003-ին ընդունված) երկու հոդվածների հատկանիշներով՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խորոշ չափերով) և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով)։ Սակայն 2024 թվականի դեկտեմբերի 30-ին դատախազը, բավարարելով քննիչի միջնորդությունը, մեղադրյալ Անի Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է՝ մի դեպքում վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (184-րդ հոդված), մյուս դեպքում՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով (178-րդ հոդված)։
Քննիչն իր միջնորդության մեջ նշում է, որ քննության ընթացքում չի հաստատվել Անի Ալեքսանյանի կողմից նախնական դիտավորություն ունենալով՝ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով տուժողների գույքը հափշտակելու հանգամանքը։ Իսկ այն, որ Անի Ալեքսանյանն իր գործողությունների հետևանքով անձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել տուժողներին՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, դա հաստատվել է, սակայն, ինչպես նշեցինք, այդ հոդվածի մասով վաղեմության ժամկետն անցել է։
Հատկանշական է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ պետության կրած վնասը նշվում է միայն 47 մլն 198.8 հազ. դրամը, և որևէ անդրադարձ չկա 5 մլն 838․6 հազար դրամին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
0Comments