Իմպիչմենտը հաջողելու դեպքում վարչապետը հրաժարական տված կլինի. ինչպես է հնարավոր հասնել իշխանափոխության. «Ժողովուրդ»

Մանրամասներ
քպ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իմպիչմենտի միջոցով իշխանափոխություն սկսելու գործընթացը կարծես ավարտվեց այն օրը, երբ հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հնչեցվեց այդ մասին։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանին կհեռացնեն իմպիչմենտի միջոցով, սակայն գործընթացը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ թվով պատգամավորական ձայներ չկային:

Թերթի հետ զրույցում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային» կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանը պարզաբանել է, թե ինչպես պետք է իրականացվի այդ գործընթացը։

«Իմպիչմենտը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, որը հաջողելու դեպքում՝ համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել և նոր վարչապետն ընտրվել է։

Պատգամավորների 1/3ը՝ 36 պատգամավոր, պետք է ներկայացնի վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որի մեջ նշվում է նոր վարչապետի թեկնածուն։

48-50 ժամ հետո վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստերում:

Ներկայացվելուց 48-72 ժամ հետո նախագիծը դրվում է քվեարկության։

Որոշումն ընդունվում է անվանական փակ քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ ձայնով։

Եթե նախագիծը չի ընդունվում, ապա հարցի քննարկումը համարվում է ավարտված, նախագիծը շրջանառությունից հանվում է, և նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո»,- իրավական մեխանիզմները ներկայացրեց Գոհար Մելոյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի ավարտին մնացել է մոտ 2-3 ամիս ժամանակ, ու եթե ընդդիմությունը հիմա սկսի իմպիչմենտի գործընթաց, մեծ դժվարությամբ կհասցնի ավարտին ոչ միայն այն պատճառով, որ ՔՊ-ական 20 պատգամավորների միանալու հեռանկարն է դժվար պատկերացնելի, այլ նաև ժամկետների իմաստով:

Անգամ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի միանալու դեպքում այն չի իրականացվի։

Ստացվում է, որ ժամկետից շուտ խորհրդարանական ընտրություններ կարող են արվել 2 դեպքում․ կա՛մ իշխող խմբակցության պատգամավորներից 20-ը պետք է միանան իմպիչմենտի գործընթացին, կա՛մ պետք է իշխող խմբակցության նախաձեռնությամբ նախաձեռնվի խորհրդարանական արտահերթ ընտրություններ»։