Կասկադի վերակառուցումը կիրականացնի Արամ Սարգսյանի եղբոր փեսայի ընկերությունը. Hetq.am

Մանրամասներ
քպ

Կասկադ համալիրի վերակառուցման մրցույթում հաղթել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որը 4 ընկերությունից բաղկացած կոնսորցիում է։ Այս մասին գրում է Հետքը:

«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին։ Դրա իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Վերջինս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Արամ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացված է Երեւանի ավագանիում։

«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ում Գրիգոր Տեր-Ղազարյանի մասնակցությունը 97.5 % է, 1 % մասնակցություն ունի Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը, 1,5 %՝ ԱՄն քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։  

Գրիգոր Տեր-Ղազարյանը մի շարք այլ բիզնեսներում է ներգրավված, սակայն հանրության ուշադրությանն արժանացավ Երասխում  կառուցվող մետալուրգիական գործարանի առնչությամբ։ Հիշեցնենք՝ գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50 % մասնակցություն ունի։ Բաժնետոմսերի մնացած 50%-ը վերը հիշատակված ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարվել է, որ ««Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի. կայացել է իրավունքի շնորհման բաց մրցույթը:

Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ: Աշխատանքներն իրականացվելու են ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա: Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն:

«Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ, ներդրող ընկերությանը հնարավորություն է տրվելու «Կասկադի» աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր, որի նախագիծը կկազմի և ճարտարապետական լուծումները կտա Ժան-Միշել Վիլմոտը՝ համալիրի և «Կասկադի» գոյություն ունեցող ու վերակառուցվող հատվածների և առկա միջավայրի միջև ներդաշնակությունն ապահովելու անհրաժեշտությունը հաշվի առնելով: Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հինգ տարում: