Առաջնորդներն ու նրանց գաղտնի պահվող հիվանդությունները

Ռուսաստանի առաջնորդի առողջությունը պետական կարևորության հարց է, թեև Ռուսաստանում այդ մասին գրեթե չեն խոսում: Ժամանակին Վլադիմիր Պուտինին բազմաթիվ հիվանդություններ են վերագրվել

 

Եվրամիության տնտեսապես ամենահզոր երկրի ղեկավարը՝ 65-ամյա Անգելա Մերկելը, որը հայտնի է մինչև ուշ գիշերները քրտնջան աշխատելու ու բարդ խնդիրների վրա կենտրոնանալու իր հատուկ ունակություններով, և հաճախ մյուս գործընկերներին իր ուժով՝ առաջ անցնելով, վերջին մի քանի շաբաթներին հայտնվել է տեսախցիկների ուշադրության ներքո:

Անգելա Մերկելի մոտ հաճախակի դարձած դողէրոցքը Գերմանիայի քաղաքական շրջանակներում մտահոգությունների տեղիք է տվել: Որքա՞ն հաճախ են տեղի ունենում այդ նոպաները ոչ հանրային վայրերում, ի՞նչ հիվանդություն ունի Մերկելը, և ի վերջո՝ արդյոք նա ի վիճակի՞ է կառավարել երկիրը. սրանք այս օրերին Գերմանիայում ամենաշատ հնչող հարցերն են:

Դաշնային կանցլերի առողջական վիճակի հետ կապված մտահոգությունները ավելի խորացան, երբ նախօրեին պաշտոնական արարողության ժամանակ Մերկելը կանգնած լինելու փոխարեն նստած էր: Իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամները մտմտում են՝ արդյոք ժամանակը չէ՞, որ Մերկելը իշխանության ղեկը փոխանցի մինչև 2021 թվականը՝ ավելի շուտ, քան պլանավորված է: Այս մասին Reuters լրատվական գործակալության հետ զրույցում ասել է կանցլերի գլխավորած կուսակցության առաջնորդներից մեկը` անանուն մնալու պայմանով:

Տեսախցիկները վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ են արձանագրում պաշտոնական հանդիպումների ընթացքում Մերկելի մոտ անբացատրելի դողէրոցքը: Առաջին անգամ դա տեղի ունեցավ հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընդունելության արարողության ժամանակ, վերջին անգամ՝ չորեքշաբթի օրը՝ Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի հետ պաշտոնական հանդիպմանը: Իսկ օրերս՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ Բեռլինում տեղի ունեցած հանդիպմանը օրհներգը հնչելու ժամանակ կանցլերը նստած էր, մինչդեռ ընդունված է կանգնած լինել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` արարողակարգը փոփոխության է ենթարկվել գերմանական կողմի խնդրանքով:

Չնայած այդ ժամանակ դողէրոցքի դրսևորումներ չեն նկատվել և Մերկելը նույնիսկ ժպտում էր, սակայն պատվո պահակախմբի դիմաց պետության ղեկավարի նստած լինելու հանգամանքը միայն խորացրել է անհանգստությունը:

Կանցլերի աշխատակազմից առայժմ որևէ համոզիչ բացատրություն չի հնչել: Առաջին դեպքից հետո Մերկելը հայտարարել է, թե դողալու պատճառը ջրազրկվածությունն է, հաջորդ նոպայից հետո ենթադրություններ են հնչել, թե հնարավոր է՝ խնդիրը հոգեբանական է, իբր կանցլերը վերհիշել է իր հետ տեղի ունեցածը, ինչը նոր դողի պատճառ է դարձել: Գերմանիայի կառավարության ղեկավարը, իր հերթին, հավաստիացնում է, թե իրեն լավ է զգում, անհանգստանալու առիթ չկա, և անսպասելի դողը ինչպես հանկարծակի առաջացել է, այնպես էլ կանհետանա:

Չորրորդ ժամկետը պաշտոնավարող կանցլեր Մերկելի առողջական վիճակը երբեք քննարկման թեմա չէր եղել, դեռևս տարիներ առաջ նա հայտարարել էր, թե չէր ցանկանա պաշտոնը լքել ծեր և տկար վիճակում, այդ իսկ պատճառով քաղաքականությամբ կզբաղվի այնքան, որքան առողջությունը թույլ կտա:
Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ գերմանական մամուլը գրում է, որ բժիշկ փորձագետները խուսափում են մեկնաբանություններից՝ շահարկումների տեղիք չտալու համար, միևնույն ժամանակ շտապում են փարատել մտավախությունները՝ նման ախտանիշները կարող են տարբեր պատճառներ ունենալ, այդ թվում ոչ այնքան լուրջ՝ առողջությանը չսպառնացող:

Սակայն աղաքական շրջանակներում պնդում են, որ Գերմանիայի կանցլերի առողջությունը լուրջ և նուրբ հարց է, ինչը չի կարող անուշադրության մատնվել: «Մերկելը կայունության երաշխավորն է, և շատերը ցանկանում են, որպեսզի նա պաշտոնավարի մինչև ժամկետի ավարտը», - Reuters-ի հետ զրույցում ասել է Forca սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Մանֆրեդ Գյուլները՝ հավելելով. - «Խնդիրը հաղթահարելու խոստումները բավարար չեն, այդ ամենը բավական դրամատիկ տեսք ունի, նա պետք է պատմի, թե ինչ է կատարվում իրականում»:
Եթե, օրինակ, ԱՄՆ-ում երկրի ղեկավարի առողջական վիճակի ամենամյա ստուգման արդյունքները պարտադիր հրապարակման ենթակա են, Գերմանիայում միանգամայն հակառակն է՝ մասնավոր կյանքի իրավունքի մասին գերմանական օրենսդրությունը պաշտպանում է անձին նման տեղեկատվություն տրամադրելու պարտավորությունից: Անցյալ տարի Սպիտակ տան ղեկավարի հնարավոր առողջական խնդիրների մասին խոսակցությունների ֆոնին Դոնալդ Թրամփի անձնական բժիշկը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` պնդելով, որ նախագահը առողջ է: Ստուգումների արդյունքները ևս վկայում են, որ ամերիկացի առաջնորդը հիմնականում առողջ է, բայց ունի ճարպակալման հետ կապված որոշ խնդիրներ, նշել է «Ազատությունը»:

Ֆրանսիայում նախագահի բժշկական հետազոտությունների արդյունքները նույնպես չեն հրապարակվում, նախագահի առողջության թեման տաբու է: Սակայն հանրությունը, այդուհանդերձ, քննարկում է՝ ինչու է Էմանյուել Մակրոնը այդքան նիհար և գունատ, ամիսներ առաջ գրում էին ֆրանսիական լրատվամիջոցները: Ելիսեյան պալատի ղեկավարը երբեք չի մեկնաբանել այդ խոսակցությունները:

Մինչդեռ Ռուսաստանի առաջնորդի առողջությունը պետական կարևորության հարց է, թեև Ռուսաստանում այդ մասին գրեթե չեն խոսում: Ժամանակին Վլադիմիր Պուտինին բազմաթիվ հիվանդություններ են վերագրվել, սակայն դրանք անմիջապես էլ հերքվել են Պուտինի՝ տարբեր մարզաձևերով զբաղվելու մասին հեռուստատեսությամբ հեռարձակվող կադրերի ֆոնին:

Մետաքսյա Շալունց, գրում է hayeli.am: