2019թ-ի հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 251 հոդված, որոնցից 29-ը եղել է բացասական, 222-ը՝ չեզոք։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չկան։ Նախարարի գործունեությունը քննադատվում է լրատվական դաշտում, սակայն հրապարակվում են նաև հոդվածներ, որոնք որևէ կապ չունեն նրա մասնագիտական աշխատանքի հետ։ Մամուլում և համացանցում վերհիշել են Արայիկ Հարությունյանի և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Կարաբինայի հանդիպումը։ Շարունակվում է հեռակա պայքարը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանի և Արայիկ Հարությունյանի միջև։ Վարագյանը պնդում է, որ կենտրոնն ուզում են փակել միայն նրա համար, որպեսզի իրեն աշխատանքից հեռացնեն։ Կրքերը չեն հանդարտվում ՇՊՀ-ում, հարցին անդրադարձել է նաև իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը և քննադատել է նախարարի՝ ԲՈՒՀ-ը լուծարելու մասին հայտարարությանը։
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր հերթին անդրադարձել է Արայիկ Հարությունյանի՝ Ռազմիկ Ամյանի վերաբերյալ գրառմանը։ Պետրոսյանը պնդում է, որ Արայիկ Հարությունյանը չպետք է նման ձևով արտահայտվեր, և եթե Ռազմիկ Ամյանը երգ է նվիրել Սերժ Սարգսյանին, դա դեռ չի նշանակում, որ նա շահադիտական քայլ է կատարել։ Գևորգ Պետրոսյանը մասնավորապես նշել է. «Արայիկ Հարությունյանը թող հասնի նրան, որ մի երգ էլ իրեն նվիրեն»։
Բողոքում են նաև Կրթության ազգային ինստիտուտի արդեն նախկին աշխատակիցները, նրանք ասում են, որ երկու ամիս է ինչ գործազուրկ են, իսկ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարեցին, որ նախարարն ասել է՝ դեռ երկու ամսից կարող է պարզ լինել իրավիճակը։
Լրատվականները նշում են, որ Արայիկ Հարությունյանը հուշարձանների ոլորտում առաջին «քննությունը» տապալել է: Ըստ մամուլի հրապարակումների՝ նախարարն իրավիճակին չի տիրապետում, իսկ խնդիրը կապված է Օշական գյուղում հաշվառված պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության Կամուրջ հուշարձանի պահպանական գոտու տարածքում տեղադրված լողավազանի հետ։
Արայիկ Հարությունյանը դեռևս չէր լուծել ԿԳ-ում առաջացած խնդիրները, դրանց գումարվեցին նաև մշակույթի, սպորտի և երիտասարդության հետ կապված խնդիրները։ Արայիկ Հարությունյանը, թերևս, պետք է զերծ մնա տարատեսակ մեկնաբանություններից և զբաղվի մեծ նախարարության աշխատանքներով, որպեսզի հարակից դժգոհությունները չգումարվեն ոլորտային թեմաներին։
0Comments