Երևանում առանց ուղևորատոմսի երթևեկող քաղաքացիները կտուգանվեն 10-15 հազար դրամով

Մանրամասներ
տրանսպորտ ավտոբուս

Առանց ուղևորատոմսի երևանյան տրանսպորտից օգտվող քաղաքացիները կտուգանվեն 10-15 հազար դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Երևանի քաղաքապետարանի մշակած նախագիծը։

Ըստ այդմ՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ անել «Ավտոմոբիլային տրանսպորտի», «Տեղական տուրքերի և վճարների» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքներում։

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ ավտոբուսով, տրոլեյբուսով կամ մետրոյով առանց ուղևորատոմսի կամ առանց այն վավերացնելու երթևեկող քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամի չափով։ Եթե անձն օգտագործել է արտոնություն ունեցող քաղաքացու քարտը (այն դեպքում, երբ ինքը չունի), կտուգանվի 15 հազար դրամի չափով։

Իսկ եթե քաղաքացին ունի փաթեթ, սակայն երթևեկել է առանց վավերացման, կտուգանվի 3000 դրամով։

Նախագիծն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։

Ավելի վաղ գրել էինք, որ Երևանի քաղաքապետարանը փորձում է հանրային տրանսպորտում օրենքի ուժով վերահսկողություն իրականացնող տեսուչների ինստիտուտ ստեղծել և նրանց միջոցով բոյկոտող քաղաքացիներին տուգանել։ Ուղևորները պարտավոր են լինելու տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո ոչ ուշ, քան 1 րոպեում վճարել ուղեվարձը։