Երևանի քաղաքապետարանում վերջին շրջանում ձերբակալությունների ֆոնին քաղաքային իշխանությունների ներսում դժգոհություն է աճում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ըստ պարբերականի՝ Երևանի քաղաքապետարանում կարծում են, որ Հայաստանի իրավապահ համակարգը 2023 թվականից մինչ օրս կոռուպցիայի դեմ պայքարի շոուի շրջանակում թիրախավորել է բացառապես իրենց:
«Քաղաքապետարանից մեզ փոխանցում են, որ ներսում խորացող համոզմունք կա՝ ձերբակալությունները կատարվում են առանց հիմնավորումների, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրանք դիտարկում է քաղաքական ուղղորդումների համատեքստում: Քաղաքապետարանի կոմունալի պետի երեկվա ձերբակալությունը, ըստ աղբյուրների, համարվել է վերջին կաթիլը: Շշուկներ են շրջանառվում, որ քաղաքապետը, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի հակահարձակման անցնելու՝ քաղաքական խաղերի մասնակիցներին հասցնելով հուժկու հակահարված»- գրում է թերթը:
Նշվում է նաև, որ քաղաքապետը վերջին ձերբակալության նախորդ օրը հրահանգել է աշխատակազմին, որ իրավապահ համակարգի ցանկացած ներկայացուցչի կողմից արված յուրաքանչյուր՝ անգամ ամենաչնչին խնդրանքը զեկուցեն բացառապես իրեն՝ կազմելով մանրակրկիտ ցուցակ: Ըստ թերթի՝ սա կարող է վկայել այն մասին, որ քաղաքապետարանը պատրաստվում է պաշտպանողականից անցնել ավելի ակտիվ գործողությունների:
Հիշեցնենք` փետրվարին իրավապահ մարմինները ձերբակալել էին քաղաքապետարանի 8 աշխատակցի, որոնցից չորսը կալանավորվել են։
0Comments